ՀՀ կառավարության ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթներին համապատասխան: Այս մասին այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս` հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ նոր ծրագրին անցնելը, վարչապետը խոսել է նախորդ տարիների աշխատանքի մասին` համոզմունք հայտնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունը կարողացել է էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողականության դրսևորումները, որոնք, մասնավորապես, բացասական ազդեցություն էին թողնում ներդրումային և բիզնես միջավայրի վրա», երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից, ինչպես նաև մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և ձևավորել ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն։
Նոր ծրագրի մասին խոսելով` վարչապետը նշել է, որ, առաջին հերթին, Հայաստանի տնտեսությունը պետք է լինի մրցունակ։ Դրան հասնելու համար, ըստ Տիգրան Սարգսյանի, գործարկվելու են առնվազն երկու ազատ տնտեսական գոտիներ, որտեղ գործելու են նորարարական ձեռնարկություններ` ժամանակակից աշխատատեղերով։
«Ստեղծելու ենք վենչուրային հիմնադրամ, որը խրախուսելու է նորարարական բիզնեսները։ Ապահովելու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանում։ Դրամաշնորհների միջոցով խրախուսելու ենք ուսումնական հաստատությունների և արտադրողների կապը:
Կառավարությունն ստեղծելու է նպաստավոր միջավայր Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներգրավվածության ավելացման և ներդրումների խրախուսման համար», – ասել է վարչապետը:
Ծրագրում ՀՀ կառավարությունը կարևորել է նաև գյուղի և գյուղատնտեսության խնդիրները` նշելով, որ պետությունը շարունակելու է օժանդակել ոլորտին:
«Սուբսիդավորելու ենք գյուղական վարկերի տոկոսադրույքները։ Ներդրվելու են սննդամթերքի անվտանգության եվրոպական չափանիշները, ուժեղացվելու է վերահսկողությունը, որպեսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է և բարձրորակ։ Առնվազն երեք անգամ ավելացնելու ենք ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները», – նեկայացրել է վարչապետը։
Նրա խոսքով` չի կարող լինել մրցունակ տնտեսություն և մրցունակ պետություն, որի մեջ երաշխավորված չէ փոքր և միջին բիզնեսի էական դերակատարությունը։
Փոքր և միջին բիզնեսի համար ձևավորվելու է պարզեցված հարկային դաշտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվելու է ֆինանսական և տեխնիկական օժանդակություն։
Վարչապետը որպես գերակայություն է նշել նաև մարդկային կապիտալի զարգացումը` ընդգծելով, որ սոցիալական ոլորտում քաղաքականության փոփոխությունը միտված է լինելու անհավասարություն ծնող պատճառների վերացմանը։
Կառավարությունը նաև կարևորում է կրթության ոլորտը:
«Անապահով խավերի համար կրթությունը դարձնելու ենք անվճար՝ ներառյալ բարձրագույնը։ Յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտի տրամադրելու ենք անվճար համակարգիչ։ Վերանայվելու է բուհական ընդունելության համակարգը՝ աստիճանաբար վերացնելով ընդունելության քննությունները։ Այսինքն, բուհ ընդունվելը կլինի հեշտ, ավարտելը` դժվար», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Որպես ևս մեկ գերակայություն գործադիրն առանձնացնում է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
«Հասարակությունը մեզանից պահանջում է հաստատել արդարություն մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ մենք դա անելու ենք», – հայտարարել է վարչապետը։
Ժողովրդագրական քաղաքականության ներքո ՀՀ կառավարությունը պատրաստվում է կանխել հասարակության ծերացման միտումը, կանխարգելել արտագաղթը, խթանել ենք ծնելիության աճը:
«Երիտասարդ նորապսակները ստանալու են արտոնյալ վարկեր բնակարան ձեռք բերելու համար։ Երկու երեխա ունեցողներն ստանալու են 1 մլն դրամ` երրորդ և չորրորդ երեխայի համար, և 1.5 մլն դրամ` 5-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Մինչև 10 տարեկան երեխաների բուժումը, այդ թվում` հիվանդանոցային, լինելու է անվճար», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,
• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
• նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
• ծնելիության գումարային գործակցի աճ` մինչև 1.8-ի,
• 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,
• միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,
• աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածություն ունեցողների թիվը կավելանա 30-50 հազարով,
• պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով: