Այնքան էլ հեշտ չի լինում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի միջոցառումներին ներկա գտնվելը, անգամ, եթե դրանք կազմակերպվում են Ադրբեջանից և Հայաստանից հավասար հեռավորության վրա գտնվող վրացական Թեքալի գյուղում: Երևանցի զեկուցողներն ու լրագրողները տեղ էին ժամանում Նոյեմբերյանով, որտեղ էլ գիշերել էին: Առավոտյան տաքսու վարորդներն ու նրանց տերերը հերթով սկսեցին հրաժարվել մասնակիցներին Վրաստան փոխադրելու նախնական պայմանավորվածությունից:
Սա առաջին դեպքը չէ, երբ Կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը նման երևույթի հետ է բախվում: Արդեն երկու տարի է, ինչ նրան թույլ չեն տալիս Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել: Նոյեմբերյանցի տաքսիստների նման, այս ողջ ընթացքում տարբեր տարածքների սեփականատերեր պայմանավորվում են (այդ թվում՝ գրավոր) Վանյանի հետ վարձակալության շուրջ, իսկ ավելի ուշ «վերևից եկող ճնշումների» տակ հրաժարվում են պայմանավորվածությունից:
Այդուհանդերձ, ելքը գտնվեց. մեր խմբի մի մասը մեքենայով հասավ սահման, անցավ այն ոտքով և մեկնեց ադրբեջանցիներով բնակեցված Թեքալի գյուղ տեղական մեքենաներով: Մյուսներին տեղ հասցրեցին նոյեմբերյանցիները և Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղի բնակիչները. երևում է՝ մշտական կրակոցների տակ ապրող այս մարդկանց դժվար է ահաբեկել:
Թեքալի հասանք ուշացումով: Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գյուղերի` Ղազախի, Գյանջայի, Բաքվի, Թբիլիսիի, Մարնեուլի տասնյակ բնակիչներ արդեն տեղավորվել էին բացօթյա իմպրովիզացված սրահում:
Այս անգամ քաղաքացիական լսումներին քննարկվում էր «Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. որքանով է իրատեսական հասարակության միջամտությունը»: Թեմայի շուրջ ելույթ ունեցան.
-Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի փորձագետ Ալի Աբասովը:
-Ղազախի տարածաշրջանային զարգացման ռեսուրսների Հասարակական միության անդամ Մահերամ Ջոյուշօղլուն:
-«Բիզիմ Յոլ» (Նոր ճանապարհ) թերթի լրագրող Նաթիգ Ջավադլին
-Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ծրագրերի համակարգող Լուիզա Պողոսյանը
-Epress.am կայքի խմբագիր Յուրի Մանվելյանը
-փորձագետ, ֆիզիկոս Սամվել Իսրայելյանը
Նման մթնոլորտը բացառում էր իշխանական շահերին ծառայող վերլուծաբանների, տեսաբանների և լրագրողների հարձակումները: Նրանք ներկա էին այնտեղ, լսում էին, ձայնագրում, սակայն չէին մոտենում բոլոր ցանկացողների համար ազատ բարձրախոսին «ինքնորոշման» , «տարածքային ամբողջականության» և «պատմական իրավունքի» մասին հայտարարություններ հնչեցնելու համար, քանի որ ղազախցիները և ոսկեպարցիները պատմեցին, օրինակ, ինչպիսի արձագանք են գտնում անմիջապես սահմանի վրա բառային սպառնալիքներն ու առցանց-անհաշտությունը:
Արդյունքում «Իրատեսակա՞ն է արդյոք հասարակական միջամտությունը» հարցը վերաճեց մեկ այլ հարցի` հնարավո՞ր է արդյոք տարածաշրջանում իրավապաշտպան լինել և պաշտպանել մարդկանց իրավունքները, լրագրող լինել և չսպասարկել իշխանություններին, լինել և չվախենալ:
Հասարակական միջամտության օգտին արտահայտվել է ներկաների գերակշիռ մեծամասնությունը: Ավելին՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել արագ արձագանքման խմբի ստեղծման մասին, որը սահմանների վրա զինված միջադեպերի մասին նախազգուշացնելու քայլեր է ձեռնարկելու, հետազոտելու է իրավիճակը սահմանամերձ գոտիներում: Անհրաժեշտության դեպքում խմբին կարող է միանալ նաև վրացական կողմը: Սկզբի համար դա կարող են անել երկու սահմանամերձ գյուղերի բնակիչները` բժիշկները, տաքսիստները, հողագործները, ովքեր հարաբերություններ կհարթեն միմյանց միջև և մշտական կապ կպահպանեն, և, հաշվի առնելով նախաձեռնության բաց բնույթը, դրան կարող է միանալ յուրաքանչյուր անհատ:
Իսկ արդեն օգոստոսին տարածաշրջանի աշխարհագրական կենտրոնը կհյուրընկալի առաջին Թեքալիի հարավկովկասյան կինոփառատոնը:
Հերթական քաղաքացիական լսումները կազմակերպվել էին «Թեքալի» ասոցիացիայի, Տարածաշրջանային Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցության և զարգացման կենտրոնը և Հայաստանի Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը: