Այսօր ժամը 15:00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Նիստին բացակա են եղել ակտիվիստների փաստաբաններից մեկը` Ստեփան Ոսկանյանը և մեղադրող դատախաղ Հակոբ Մարտիրոսյանը, ով պետք է այսօր հանդես գար մեղադրական ճառով: Ոսկանյանը դատարանին փաստաթուղթ է ներկայացրել առ այն, որ 3 օր գտնվելու է ամբուլատոր բուժման մեջ: Դատարանում դատախազի բացակայության մասին որևէ փաստաթուղթ չի ներկայացվել:
Դատարանի շենքի դիմաց մոտ 30-35 մարդ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Նրանց ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա, մասնավորապես, գրված էր. «Ազատություն Տիգրանին», «Սերժի կամակատար դատարան», «Դատարանը ավազակապետի խաղալի՞ք»
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:
ՀԱԿ-ի ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ ոստիկանական բաժնում: