Փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանը, ով հուլիսի 1-ի գիշերը՝ ժամը 2.15-ին ձերբակալվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու մեղադրանքով, որոշումն ընդունել է նույն օրը՝ ռեստորանի մոտ կազմակերպված մոմավառության ակցիայից հետո: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սամվելյանի մտերիմներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
«Վարդանն այդ օրը մասնակցել է մոմավառությանը: Այն պահին, երբ «Հարսնաքարի» մոտ մի խումբ մարդիկ հարգել են Վահե Ավետյանի հիշատակը, ռեստորանում միաժամանակ հարսանեկան արարողություն է ընթացել, ինչն ավելի ուշ ուղեկցվել է հրավառությամբ: Այս փաստից սարսափելի նյարդայնացած ու բորբոքված՝ նա սպասել է մինչ հարսանեկան արարողության ավարտը, և երբ շենքում այլևս ոչ ոք չի եղել, որոշում է կայացրել պայթեցնել այն» – պատմել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ իրենց դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
«Օրեր առաջ, երբ «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկվեց Վարդանի ամենամտերիմ ընկերը՝ Վահե Ավետյանը, Վարդանը սարսափելի ընկճվել էր: Կինը պատմում էր, որ տանը նա իր տեղը չէր գտնում՝ շատ անտրամադիր էր ու կոտրված», – պատմել է մեր աղբյուրը:
Epress.am-ի զրուցակիցը խնդրել է պարզաբանում մտցնել մամուլում տարածված այն լուրերին, թե Վարդանի հայրն ու եղբայրն աշխատում են ոստիկանության համակարգում:
«Վարդան Սամվելյանի հայրը՝ ոստիկանության գնդապետ 65-ամյա Սամվել Սամվելյանը, 6 ամիս է, ինչ անցել է վաստակած հանգստի, եղբայրը՝ Արման Սամվելյանը, ով քրեական հետախուզության օպեր լիազոր էր՝ 6 ամիս առաջ իր դիմումի համաձայն դուրս է եկել համակարգից», – նշել է նա:
Մեր զրուցակիցը պատմել է, որ Վարդանը գերազանցությամբ ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցը, այնուհետ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների պատմության բաժինը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ: Ռազմական կրթություն ստացել է Ռուսաստանում՝ ստանալով մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի որակավորում, այնուհետև ավարտել է Ռուսաստանի Ֆրունզեի անվան ակադեմիան:
Հիշեցնենք, որ Վարդան Սամվելյանի պայուսակում հայտնաբերել էին 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։