Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանն ինքը կհրաժարվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում, և, հիմնավորելով իր համոզմունքը, հիշեցրել երեկ Հայրապետյանի տարածած հայտարարությունը:
«Այդ հայտարարությունից ես հասկացա, որ Ռուբեն Հայրապետյանն ամենաշատն է ցավում, իրոք, նա ծանր ապրումների մեջ է: Ես կարծում եմ` պետք չէ պահանջներ ներկայացնել, ինքը կհրաժարվի Ֆեդերացիայից, հավանաբար»,- ասել է Բեգլարյանը:
«Հարսնաքարի» դաժան դեպքերի մասին կարծիք հայտնելով՝ Բեգլարյանն ասել է, որ կարող է միայն «բարոյական մասով» պատասխանել, այն է՝ դաժան բան է պատահել, և ինքը խորապես ցավում է, սակայն քանի որ, իր խոսքով, «իրավագետ» չէ, պատիժ սահմանելու մասին ոչինչ ասել չի կարող և կսպասի գործի քննության ընթացքին:
Խոսելով դեպքի շուրջ սկսված քաղաքացիական շարժման մասին` նախարարն ասել է. «Պետք է պատկերացնել Վահեի ընտանիքի ապրումները: Դուք պատկերացնում եք` նրանք ամեն կայքում տեսնում են իրենց վշտի մասին նյութեր, պետք է հարգել մարդու վիշտը: Ես չեմ ուզում՝ ասել մարդիկ քաղաքականացնում են, դա էլ վատ բառ է, բայց ամեն օր ակցիաներ անելը ճիշտ չէ»,- ասել է Բեգլարյանը: