Այսօր 11:30-ի սահմաններում Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող զինված ուժերում զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել:
Ծնողները նստած են եղել շենքի աստիճաններին, երբ նրանց մոտեցել է ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով, հանելով Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ «Հավատացինք ու չփոխվեց. կարմիր կովը» գրությամբ, նետել է իր ոտքերի տակ: Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը, տեսնելով նկարը, հանել է այն Գասպարիի ոտքերի տակից` հայտարարելով, որ ակտիվիստն իրավունք չունի նման կերպ վարվել «իր ընտրած նախագահի» հետ: Գասպարին պահանջել է վերադարձնել նկարը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն իր նախագահը չէ և ինքը նրան չի ընտրել:
Այդ պահին բորբոքված ծնողները նույն նկարը հանել են իրենց պայուսակներից ու կանգնել են նկարի վրա:
Ծառայություն իրականացնող ոստիկանները խմբվել են նրանց շուրջ և սկսել են ծնողների ոտքերի տակից քաշել նկարները:
Ծնողները հայտարարել են, որ Սերժ Սարգսյանը իրենց նախագահը չէ, քանի որ տարիներ շարունակ որևէ կերպ չի արձագանքել իրենց խնդրանքներին և բողոքներին: Քաշքշուկից հետո ծնողները իրենց մոտ են պահել մեկ լուսանկար, որի վրա կանգնել են մի քանի հոգով և թույլ չեն տվել ոստիկաններին խլել այն:
Ոստիկաններից մեկը` զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը` Նանա Մուրադյանին, հորդորել է «չգոռալ», ինչին կինը պատասխանել է, թե եթե իր տղային գլուխն էլ բացած բերեին, նա էլ կգոռար: