2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Զինված ուժերում սպանված ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալիքչիի գործով դատավարության նախօրեին՝ սեպտեմբերի 5-ին, մի խումբ ստամբուլահայերի կողմից հիմնադրված «Նոր Զարթոնք» ասոցիացիան բողոքի ակցիա է անցկացրել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել «շարունակվող անարդարության վրա»:
Ասոցիացիան նաև հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերում տեղի ունեցած սպանությունը փորձ է արվում ներկայացնել որպես կատակի հետևանք, իսկ ոճրագործն առաջին իսկ նիստից հետո ազատ է արձակվել: Բազմաթիվ երևույթներ կան, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ գործը կոծկելու ջանքեր են գործադրվում: Երկրի ներսում պետական գործիչները ցեղապաշտություն են հրահրում ընդդեմ տարբեր ազգությունների: 1915 թվականից այս կողմ հայասպանությունն օրինական է համարվում, իսկ ոճրագործներն անպատիժ են մնում: Զորամասերում տեղի ունեցող սպանությունները որպես ինքնասպանություն կամ կատակի հետևանք են ներկայացվում: Սակայն ուշագրավն այն է, որ ինքնասպանությունների կամ կատակի զոհ դարձողները կամ քրդեր են, կամ հայեր, կամ ալիևիներ: Զորամասերում ոչ միայն մարդն է սպանվում, այլև մարդկությունը: Մենք կոչ ենք անում հասարակությանը հաշիվ պահանջել այս սպանությունների համար և զորակցել Սևակ Բալիքչիի ծնողներին»:
Ուրբաթ «Նոր Զարթոնքը» մեկնելու է Տրաբզոն՝ մասնակցելու Բալիքչիի գործով դատական նիստին:
Հիշեցնենք, որ Սևակ Բալիքչիի սպանությունը, նախնական վարկածի համաձայն, պատահականություն է: Սկզբում քննության ընթացքում զինվորականներից մեկը հայտնել էր, որ տղաները «կատակում էին իրենց հրացաններով», որի ընթացքում զինվորականներից Կիվանչ Աղաօղլուն պատահաբար կրակել էր Սևակի վրա:
Ավելի ուշ` նոր ցուցմունքների առկայության պայմաններում, Բալիքչիի սպանությունը սկսեցին կանխամտածված համարել:
Զինվորի ընտանիքի փաստաբանները, հիմնվելով իրենց կասկածների վրա, միաժամանակ կապելով դեպքն այն հանգամանքի հետ, որ սպանությունը տեղի էր ունեցել Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված օրը`ապրիլի 24-ին, հայտարարել էին, որ Աղաօղլուի արարքը պատահականություն չէր, և որ նա գիտեր` ինչու է հրացանն ուղղում Բալիքչիի վրա: Աղաօղլուի փաստաբաններն, իրենց հերթին, պնդում էին, որ Բալիքչին և Ագաօղլուն մտերիմ ընկերներ են եղել, և որ նրա հրացանը պատահմամբ է կրակել:
Կիվանչ Աղաօղլուի նկատմամբ հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է: