Այսօր Ազգային ժողովի նիստին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կոչ է արել բացասական եզր ակացություն տալ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությանը:
«Սա հակասում է ՀՀ ինքնիշխանությանը, սա ևս մեկ քայլով զիջում է մեր սուվերենությունը, սա մեր անկախության հռչակագրին, սա մեր Սահմանադրությանը առաջին կետին իր ոգով և տառով հակասող թուղթ է: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բացասական եզրակացությամբ ուղարկել լրամշակման՝ լրացուցիչ քննարակումների, երկկողմ հարաբերությունների միջոցով կարգավորելու նպատակով», – ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արզումանյանը:
Պատգամավորը նշել է, որ ինքը ՀԱՊԿ-ի հետ որևէ խնդիր չի տեսնում և հիշեցրել, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին, երբ ինքը ներկայացրել է Հայաստանի դիվանագիտական կորպուսը:
«Անցյալում շատ լավ նորմալ ձևակերպում կար, որը ընդունվել է մեր կողմից, որևէ մեկը չի ասում վերանայենք: Կողմերը որոշումներ են ընդունում իրենց տարածքներում, կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի, խմբավորումների, ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին մյուս կողմերի հետ անհետաձգելի խորհրդակցությունների անցկացումից հետո: Սրան ընդամենը ավելացել է՝ «նրանց պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում»: Մենք գիտակցաբար հանձնել են մեր սուվերենության մի մասը վերպետական կառույցին: Հիմա խոսք է գնում, որ մեր սուվերենության այդ սահմանափակումը շատ ավելի խորանում է, և ավելին՝ եթե մենք առաջ ինչ-ինչ հարցերով կարող էինք մեր պարտնյոր Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների, անհետաձգելի բանակցությունների միջոցով գալ երկուստեք ընդունելի լուծման, ապա հիմա մենք պետք է սպասենք, թե Ղրղզստանի, Ուզբեկստանի կամ Տաջիկստանի մեր կոլեգաները մեզ երբ գրավոր հայտարարություն կբարեհաճեն ներկայացնել, որ իրենք դեմ չեն մեր տարածաշրջանում տեղակայվի», – ասել է Արզումանյանը:
Անդրադառնալով հիմնական զեկուցող Շավարշ Քոչարյանի այն ասածին, որ մեր Սահմանադրական դատարանը նույնպես դրական եզրակացություն է տվել՝ Արզումանյանը նշել է, որ «սովոր ենք ՍԴ-ի մեկ-մեկ զավեշտական որոշումներին»:
«Այստեղ ընդամենը երկու էջի վրա ինչ-որ տեքստ է գրված, որում ընդամենն ասվում է՝ արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին: Հիմա բացենք Սահմանդրության 9-րդ հոդվածը և կարդանք: «ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարի դրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Այս մասը նույնն է, որ ասես՝ այս տեքստը չի հակասում «Սարի սմբուլ» երգի տեքստին: Այո, չի հակասում, դրանից չի բխում, որ մեր շահերից է համաձայնությունը տալը: Ավելին՝ փորձ է արվում շրջանցել կոնսեսուսը, և այստեղ կետ կա, որով ասվում է, որ, եթե այս արձանագրության մասնակից չորս պետությունները վավերացնում են, ապա այն մտնում է ուժի մեջ»,- ասել է Արզումնայանը և հավելել, որ, իր կարծիքով, այս պահին անհրաժեշտ չէ շտապել և դրանով մենք չենք հակասում մեր ստրատեգիական գործընկերոջ շահերին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է, որ ՀԱՊԿ-ի կարևորությունը որևէ մեկը չի բացառում, բայց, այնուամենայնիվ, որևէ անվտանգության համակարգում գործելիս չպետք է մոռանալ, որ կա մի սահման, որից այն կողմ անվտանգության համակարգը ոչ թե կարող է պաշտպանել ինքնիշխանությունը, այլ ընդհակառակը, կարող է այդ ինքնիշխանությունը որոշակիորեն նսեմացնել: Փաշինյանը հավանական է համարել, որ այս դեպքում, մենք կարող ենք նման վտանգի առաջ կանգնել:
«ՀԱՊԿ-ը շատ կարևոր կազմակերպություն է մեզ համար, բայց տվյալ դեպքում Հայաստանին բացարձակապես հետաքրքի չէ, թե Տաջիկստանում, որ երկրի ռազմական օբյեկտները կտեղակայվեն: Հաջորդը մենք այստեղ զրկվում ենք համագործակցության դաշտից: Ես չեմ ուզում նշել ՆԱՏՈ-ն, ես ուզում եմ նշել կոնկրետ Իրանի և Վրաստանի մասին: Այս պայմանագրով մենք նաև այդ համագործակցությունն ենք սահմանափակում, այս պայմանագրից հետո մենք չենք կարող զորավարժություններ անել որևէ օտարկերյա պետության հետ, ռազմաքաղաքկան միավորի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նաև նշել է, որ այն, ինչ այսօր մենք ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, դա փոխադարձ պարտավորություններ են, որը մենք կատարում ենք և կկատարենք, իսկ ավելին անել ուղղակի այս պահին չի բխում մեր ազգային շահից:
«Որովհետև, երբ որ կշեռքի մի նժարին դնում ենք այն, ինչ ստանում ենք և այն ինչ տալիս ենք, ցավոքմ մեր կողմից տրվողը շատ ավելի ծանր է, քան ստանում ենք, ընդ որում՝ այդ ստացածը մեզ ընդհանրապես պետք չի», – հավելել է Նիկոլ Փաշինյանը: