«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հաստատապես մասնակցելու է 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ գիտի, թե անպատճառ խնդիրներ է ունենալու գրանցվելու հետ կապված:
Թե կոնկրետ ինչի հետ կարող են կապված լինել այդ խնդիրները, Կարապետյանը չի մանրամասնել:
Խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին՝ Արամ Կարապետյանը նշել է, որ վերջինս շաբաթ օրը Կառավարությունում անցկացված խորհրդակցությունը վերածել է շոուի:
Կարապետյանի խոսքով՝ այդ շոուն կարող էր ավելի լավ կազմակերպված լինել:
««Դու»-ն (նկատի ունի «դու»-ով դիմելը) և ախպերությունը խորհրդակցության թեմա էին դարձել» , – ասել է ՆԺԿ նախագահը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այժմ մտորում է կառավարությունը փոփոխելու մասին:
Արամ Կարապետյանը հայտարարել է, որ քիչ է հավատում վերջին շրջանում տարածված այն ասեկոսեներին, թե Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը կարող են համագործակցել և այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է նախագահական ընտրապայքարի մեջ մտնել միայն եթե դրսից պահանջարկ լինի, որը Կարապետյանն այս պահին չի տեսնում: