ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը համացանցից է իմացել, որ Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանն իրեն պարտավորեցրել է 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Global Gold Mining» ընկերությանը:
Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշել է, Միջազգային արբիտրաժային դատարանը մերժել է իր դեմ հայցը և հիմա իր համար անհասկանալի է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի (լուսանկարում) որոշումը:
«Ես այն ժամանակ գործել եմ ոչ թե որպես ֆիզիկական անձ, այլ որպես ՀՀ բնապահպանության նախարար, գործել եմ հանուն Հայաստանի Հանրապետության: Հնարավոր է՝ ես սխալ եմ, թող դիմեն վարչական դատարան, թող դիմեն Եվրոդատարան, բայց ինչու Նյու-Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան»,- ասել է Վարդան Այվազյանը:
Այվազյանը նշել է, որ վճռի մասին հրապաարկումը եղել է այն բանից հետո, երբ ինքը ԱԺ-ում բարձրաձայնել է, թե գունավոր մետաղներ, հատկապես ոսկի արտադրող ընկերությունները, որոնք օգտագործում են ցիանիտ և այլ վտանգավոր նյութեր, պետք է պարտադիր վճարումներ կատարեն:
«Որոշ լեշակերներ անձնական շահագրգռվածությունից ելնելով են փորձում իր բարի համբավը արատավորել»,- ասել է Այվազյանը:
Նա տեղեկացրել է, որ ինքը «Global Gold Mining» ընկերությանը զրկել է արտոնագրից, քանի որ դրա մեջ նշված աշխատանքները երեք տարվա ժամկետում չեն կատարվել: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքը 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել, Այվազյանը լրագրողներին խնդրել է գտնել որևէ մեկին, ով կհաստատի, որ ինքը կաշառք է պահանջել: Նշենք, որ այդ տեղեկությունը հրապարակված էր եղել WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված: Երբ Այվազյանին հարցրել են WikiLeaks-ի հրապարակման մասին, նա հայտարարել է, որ որքան ինքը գիտի՝ «այդ անձնավորությունը (նկատի ունի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին-խմբ.) փախուստի մեջ է»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին ռուսաստանյան «Русский Репортер» պարբերականը հայաստանյան իրականության մասին հրապարակումների շարք էր սկսել ԱՄՆ Պետդեպի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսաստանյան կողմից տրամադրել էր WikiLeaks-ը, և այդ շարքի Հայաստանին վերաբերող հոդվածներից մեկում արծարծվել էր Վարդան Այվազյանի անունը:
Փաստաթղթում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց բախվել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC)-ը Հայաստանում:
ԱՄՆ Պետդեպին ուղարկված նամակում Գոդֆրին պատմում է այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ բանակցությունների ընթացքի մասին:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, Վարդան Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը: