Աղստև գետի Պաղջուր վտակի վրա երկրորդ ՀԷԿ կառուցելու արտոնագիր է տրվել «Մեգաէներջի» ընկերությանը: Այն արդեն սկսել է շինարարական աշխատանքները, թեև ազդակիր համայնքների բնակիչները շինարարության դեմ ակցիաներ են կազմակերպում:
Նրանց խոսքով՝ գետի բուսական աշխարհն արդեն տուժել է, և իրենք բողոքի ակցիաներ են սկսում հիմա, քանի որ ունեն հավաստի տեղեկություն, թե Լաստիվեր ջրվեժի մոտ երրորդ ու չորրորդ ՀԷԿ-ի լիցենզիաներ էլ են տվել:
Երկրորդ ՀԷԿ-ը գտնվում է արջատխլենիների արգելնոցում, իսկ այդտեսակ ծառերը գրանցված են Կարմիր գրքում: Հայաստանում դրանք աճում են միայն Պաղջուրի մոտ: Իջևանի Օրհուս կենտրոնի աշխատակից Գագիկ Աղբալյանի խոսքով՝ ՀԷԿ-ի ամենամեծ ռիսկն արգելանոցին վնասելն է: Բնապահպանի խոսքով՝ ՀԷԿ-ի կառուցումը ռիսկային է նաև գետի` առանց այն էլ անհետացող կարմրախայտ ձկնատեսակի համար, ինչպես նաև սողանքների, սեյսմիկ անվգատնգության տեսակետից:
ՀԷԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Մկրտչյանը Epress.am-ի հետ հեռախոսազրույցում բնակիչների բողոքները որակել է որպես «անիմաստ աղմուկ»: Նա ասել է, որ ՀԷԿ-ը ոչնչի չի խանգարի, քանի որ այդ գետից չի ոռոգվում արգելանոցը, նույնիսկ ճանապարհ չկա:
Բնապահպանները թեև ՀԷԿ-ի լիցենզիայի տրման ընթացակարգի խախտման մասին հիմքեր չունեն, բայց տարօրինակ են համարում այն, թե ինչու է «Մեգաէներջի» ընկերության նախագիծը հանրությանը մատչելի չի եղել, ինչու հուլիսի 24 -ին Ենոքավանում կազմակերպված հասարակական լսումների մասին հանրությունը պատշաճ ծանուցված չէր: Բնապահպանության նախարարության ծանուցող հայտարարությունը պաշտոնական կայքում տեղադրվել էր լսումներից ժամեր առաջ` խախտելով իրազեկման կարգը:
Ըստ Գագիկ Աղբալյանի՝ Բնապահպանության նախարարությունը, հայտնի չէ ինչու, սխալ է որոշել ազդակիր տարածքը (ԱՏ): ԱՏ է ճանաչվել Ենոքավանը, որտեղ էլ լսումներ են անցկացվել և որի համայնքապետը տվել է շինթույլտվությունը, սակայն բոլոր շինարարական աշխատանքները տեղի են ունենում Գետահովիտ գյուղի վարչական շրջանում: Այս համայնքը կտրականապես դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը:
Աղբալյանը Epress.am-ին նաև լուսանկարներ է տրամդրել, որտեղ երևում է, որ շինարարությունից բնապահպանական վնաս արդեն պատճառվել է: Գետի միջով ճանապարհ է բացվել, որն անցնում է նաև արգելանոցի միջով: