Home / Հայաստան / Ինչպես է Վահագն Խաչատրյանը կենսաթոշակները յուրացրել. դատախազությունը ունի մանրամասներ

Ինչպես է Վահագն Խաչատրյանը կենսաթոշակները յուրացրել. դատախազությունը ունի մանրամասներ

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանի, իր քրոջ ամուսնու՝ Ա. Խաչատրյանի, ինչպես նաև կնոջ քրոջ ամուսնու՝ Բ.Մուրադյանի հետ 2007-2008թթ. խարդախությամբ պետությունից հափշտակել են ավելի քան 15 մլն դրամ կենսաթոշակի գումարներ: Դա ապացուցվել է Խաչատրյանի դեմ հարուցված գործի շրջանակներում, հաղորդում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

Բաժնի պետը կենսաթոշակառուների շտեմարաններից ընտրել և առանձնացրել է տևական ժամանակ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների և նրանց վճարման ենթակա գումարների տվյալները, ապա նրանց անունից, իբրև տարածքից բացակայողների, ներկայացրել է կեղծ դիմումներ՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու և կուտակված գումարները ստանալու վերաբերյալ, իսկ քրոջ ամուսինն ու կնոջ քրոջ ամուսինը, ներկայանալով որպես կենսաթոշակառուների վստահված անձինք, խաբեությամբ ստացել են այդ գումարները:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի գործը մեկն է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում խախտումների, հայտնաբերված չարաշահումների 24 դեպքերից, որոնցում կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 72.204.048 մլն ՀՀ դրամ:

24-ից  3 գործերը ուղարկվել են դատարան և մեղադրական դատավճիռներ են  ստացել: Միայն այդ 3 գործերով պետության պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 14 մլն դրամ:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: