Գետահովիտ գյուղի բնակիչները դիմել են Բնապահպանության նախարարությանը` պահանջելով դադարեցնել իրենց գյուղում «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարությունը, քարի որ դրա կառուցումը լի է բնությանը հսկայական վնաս պատճառլու ռիսկերով և դրա կառուցման համար արտոնագիր է տրվել սահմանադրության խախտմամբ:
Գյուղի բնակիչները իրենց հայտարարության մեջ խախտումների շարքը ներկայացնելով՝ տեղեկացրել են, որ իրենց գյուղում ՀԷԿ կառուցելու համար շինթույլտվություն է տվել հարևան գյուղի՝ Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանը, ոչ թե Գետահովիտի գյուղապետը: Խախտվել է նաև հանրային լսումների անցկացման կարգը: Դրանք անցկացվել են Ենոքավանում, որը ՀԷԿ-ի ազդակիր տարածք չէ:
Բնակիչները նաև հիշեցրել են, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է շինարարական գործունեություն ծավալել արգելավայրերում, իսկ նշված փոքր ՀԷԿ-ի համար հատկացված տարածքը գտնվում է արգելավայրային գոտում` «Արջատխլենու» պետական արգելավայրում, և դրա պահպանման (բուֆերային) գոտում:
Հիշեցնենք, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էր Բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը ստանալու համար, բայց ստացել է պատասխան, թե նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարություն: Նշենց, որ շինարարությունը արդեն սկսվել է: