2011 թվականի ընթացքում Հնդկաստանի հանրապետությունից Հայաստան է ներմուծվել 10 324 տոննա 930 կիլոգրամ գոմեշի մսի բրիկետներ վեց կազմակերպության կողմից: Այս մասին այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Այդ ընկերություններից 2011 թվականին «Ալեքս Գրիգի» ներմուծած ծավալն ամենամեծն է եղել: Նշենք, որ «Ալեքս Գրիգը» պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Աբրահամ Բախչագուլյանը թվել է նաև ներմուծումման ծավալները տոկոսային հարաբերությամբ՝ «Մուշ»՝ 2.3 %, «Ունիվերսամ Ավան»՝ 3.5 %, «Արմեն Համիկ եղբայրներ»՝ 6.5 %, «Մոկոնատ»՝ 9.5 %, «Պարգև»՝ 17 % և «Ալեքս Գրիգ»՝ 61.2 %:
2012 թվականին ինը ամսիների կտրվածքով ներմուծվել է 5254 տոննա 651 կգ գոմեշի մսի բրիկետներ՝ հինգ կազամերպությունների կողմից.
«Ունիվերսամ Ավան»՝ 11.06 %, «Սամ Սեր գրուպ»՝ 13.05 %, «Ալեքս Գրիգ»՝ 18.14 %, «Արմեն Համիկ եղբայրներ»՝ 23.52 %, «Պարգև»՝ 34.23 %:
Բախչագուլյանի խոսքով՝ գոմեշի միս է ներմուծվում այն կազմակերպությունների կողմից, ովքեր ունեն մսի արտադրության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված են միջազգային չափանիշներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան: ՀՀ արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանում մշտապես գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության ներկայացուցիչը:
Նրա հայտարարությունից հետո վարչապետը Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվել է, թե արդյոք այդ ընկերություններն իրենց հարկային պարտավորությունները կատարել են: Ի պատասխան՝ Խաչատրյանն ասել է, որ ոսումնասիրություններն ընկերություններում անընդհատ շարունակվում են, և ՊԵԿ-ը հարկային պարտավորությունների հետ կապված առանձին տեղեկանք կներկայացնի:
Այնուհետև վարչապետն ասել է, որ «հայտնի քաղաքական ուժերը» փորձում են զրպարտել իրեն՝ իր անունը կապելով Հնդկաստանից գոմեշի միս ներմուծող ընկերությունների հետ:
«Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս հինգ ընկերությունների հետ ես որևէ առնչություն չունեմ, բացարձակապես: Ոչ ընկերներ, ոչ բարեկամներ, թաքնված անձինք… այս ընկերությունների հետևում ինձ հետ կապված մարդ չկա: Պարոն Բախչագուլյանի կողմից թվարկված ձեռնարկությունների անունները հայտնի անուններ են մեր երկրում և առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել ԶԼՄ-ներին, որպեսզի բոլորն իմանան, թե ում են պատկանում և ով է Հայաստանում ներմուծում գոմեշի միս, ինչ ծավալների: Ամեն դեպքում այդ ընկերությոյւնները պատշաճ ձևով իրենց պարտավորությունները կատարել են, և մսի հետ կապված չկա որևէ պրոբլեմ», – ասել է վարչապետը: