Home / Հայաստան / Մխիթարյանի թիմը ոչ-ոքի խաղաց Իտալիայում. ամենամեծ անակնկալը կայացավ Բելառուսում

Մխիթարյանի թիմը ոչ-ոքի խաղաց Իտալիայում. ամենամեծ անակնկալը կայացավ Բելառուսում

Հոկտեմբերի 2-ին Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորը» ոչ-ոքի խաղաց իտալական «Յուվենթուսի» հետ մրցակցի հարկի տակ: Խաղից առաջ ուկրաինական թիմի երկրպագուներն այդ արդյունքը գոհացուցիչ կհամարեին, սակայն այժմ նրանք կարող են զղջալ երկու միավորի կորստի համար:

Խաղն անցավ փոփոխական առավելությամբ. հանդիպման սկզբում և վերջում ուժեղ էին հյուրերը, իսկ միջնամասում ավելի լավ տպավորություն թողեց «Յուվեն»: Սակայն «Շախտյորը» վերջին րոպեին հաղթանակ կորզելու իրական հնարավորություն կորցրեց, երբ Մխիթարյանի փոխանցումից հետո Վիլիանը հարվածեց, գնդակն անդրադարձից հետո կրկին հայտնվեց բրազիլացու մոտ, իսկ երկրորդ փորձից հետո այն հետ մղվեց դարպասաձողից:

Երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը 23-րդ րոպեին բացեց Ալեքս Տեյշեյրան (նկարում), իսկ 2 րոպե անց այն հավասարեցրեց «Յուվեի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ով արձագանքեց Անդրեա Պիռլոյի կատարած ճշգրիտ փոխանցմանը:

Քանի դեռ «Յուվեի» կորիզը կազմում են Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք 10 օր հետո Երևանում կմրցեն Հայաստանի ընտրանու հետ, Մխիթարյանի խաղը հետաքրքիր էր գնահատել հենց այդ տեսանկյունից: Առաջին խաղակեսում հայաստանցին ավելի շատ զբաղված էր սևագործ աշխատանքով, երկրոդում հասցնում էր նաև մասնակցել գրոհներին:

Մխիթարյանը երեք հարված կատարեց դեպի դարպասը: Առաջին խաղակեսի սկզբում նա աջ կողմից մոտ տարածությունից բարձր հարվածեց, երկրորդ խաղակեսում երկու անգամ նրա ցածրից հարվածներից հետո գնդակն անցնում էր դարպասաձողի կողքով: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ եթե մարզիչը Մխիթարյանին ազատ գործելու ավելի լայն հնարավորություն ընձեռեր, նա կարող էր ավելի լուրջ խնդիրներ ստեղծել մրցակցի պաշտպանության համար, որն ամբողջ կազմով՝ Բարձալյի-Բոնուչի-Կյելինի խաղում է Իտալիայի հավաքականում:

Օրվա ամենամեծ անակնկալը գրանցվեց Բելառուսում, որտեղ ԲԱՏԵ-ն 3:1 հաշվով պարտության մատնեց Չեմպիոնների Լիգայի վերջին խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից «Բավարիային»: Գերմանական ակումբն ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին: Հյուրերը, կարծես, անընդհատ մտածում էին, որ շուտով կավելացնեն և գնդակները մեկը մյուսի հետևից կհայտնվեն ԲԱՏԵ-ի դարպասում, սակայն ժամանակը գնում էր, իսկ 23-րդ րոպեին խփած Ալեքսանդր Պավլովի գնդակը միակն էր:

78-րդ րոպեին ԲԱՏԵ-ի ավագ Վիտալի Ռոդիոնովը ներխուժեց տուգանային հրապարակ և գրավեց Նոյերի դարպասի մոտ անկյունը. պարզ դարձավ, որ «Բավարիան» պետք է գերջանքեր գործադրի փրկվելու համար: 2:0 հաշվի ժամանակ դաշտի տերերի դարպասապահ Անդրեյ Գորբունովը երկու անգամ փրկեց իր թիմին Ֆրանկ Ռիբերիի հարվածներից հետո: Առաջին ավելացված րոպեին Ռիբերին, այնուամենայնիվ, կրճատեց հաշվի տարբերությունը, բայց վերջում ԲԱՏԵ-ն հասցրեց հակագրոհ կազմակերպել, և Ռենան Բրեսանը ամրագրեց հաղթանակը՝ 3:1:

E խումբ

Նորդշյելանդ (Դանիա) – Չելսի (Անգլիա) 0:4

Յուվենթուս (Իտալիա) – Շախտյոր (Ուկրաինա) 1:1

Չելսի – 4 միավոր, Շախտյոր – 4 միավոր, Յուվենթուս – 2, Նորդշյելանդ – 1

F խումբ

ԲԱՏԵ (Բելառուս) – Բավարիա (Գերմանիա) 3:1

Վալենսիա (Իսպանիա) – Լիլ (Ֆրանսիա) 2:0

ԲԱՏԵ – 6, Բավարիա – 3, Վալենսիա – 3, Լիլ – 0

G խումբ

Սպարտակ (Ռուսաստան) – Սելթիկ (Շոտլանդիա) 2:3

Բենֆիկա (Պորտուգալիա) – Բարսելոնա (Իսպանիա) 0:2

Բարսելոնա – 6, Սելթիկ – 4, Բենֆիկա – 1, Սպարտակ – 0

H խումբ

Կլուժ (Ռումինիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 1:2

Գալաթասարայ (Թուրքիա) – Բրագա (Պորտուգալիա) 0:2

Մանչեսթեր Յունայթեդ – 6, Կլուժ – 3, Բրագա – 3, Գալաթասարայ – 0