հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նախարարությունում կարծես անտեղյակ էին». Բողոքի ակցիա ՀԷԿ-ի կառուցման դեմ

«Նախարարությունում կարծես անտեղյակ էին». Բողոքի ակցիա ՀԷԿ-ի կառուցման դեմ

Այսօր կառավարական 2-րդ շենքի դիմաց, որտեղ գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել, որը կապված է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտ հերթական ՀԷԿ-ի կառուցման հետ:

Հիշեցնենք, որ «Մեգաէներջի» ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է դեռևս օգոստոսին՝ չնայած համայնքի բնակիչների բողոքներին:

Այսօրվա ակցիան ևս բնակիչներն էին կազմակերպել՝ բնապահպանների աջակցությամբ: Գյուղացիները պահանջել են դադարեցնել շինարարությունը և փոխհատուցել վնասները:

Ակցիայի մասնակիցներին ընդունել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և խոստացել է 10-օրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի խնդրով:

«Այնպիսի տպավորություն է, կարծես, նախարարությունում անտեղյակ էին խնդրից, թեև բազմիցս հրապարակումներ են եղել»,- Epress.am-ին ասել է Իջևանի Օրհուս կենտրոնի աշխատակից Գագիկ Աղբալյանը հանդիպումից հետո:

Բնակիչները ներկայացրել են բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ ՀԷԿ-ի կառուցման համար հողհատկացում չի արվել, ազդակիր համայնք ճանաչվել է Գետահովիտի հարակից գյուղ Ենոքավանը, որի գյուղապետն էլ տվել է շինթույլտվությունը, մինչդեռ ՀԷԿ-ի էկոլոգիական վնասը հասցվելու է Գետահովիտին:

Բնակիչները նաև հիշեցրել են, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է շինարարական գործունեություն ծավալել արգելավայրերում, իսկ նշված փոքր ՀԷԿ-ի համար հատկացված տարածքը գտնվում է արգելավայրային գոտում` «Արջատխլենու» պետական արգելավայրում, և դրա պահպանման (բուֆերային) գոտում:

«ՀԷԿ-ի կառուցման վայրում անօրինականությունները շարունակվում են, անտառածածկ տարածք են ոչնչացնում, խողովակներ են անցկացվում: 20 օր առաջ եղել է շինարարության դադարեցման որոշում, բայց շինարարությունը շարունակվել է», – Epress.am-ին ասել է ակցիային մասնակցած, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Նշենք, որ բնապահպան ակտիվիստները երեկ գնացել էին գյուղ՝ իմանալով, որ 10 միավոր խոշոր շինտեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ ամբողջությամբ ավիրելով դրանք: Բնապահպանները տեղում համաձայնության են եկել դադարեցնել շինարարությունը մինչ հարցը կքննարկվի նախարարությունում: