ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր օրոք բանակում գոմեշի մսի մատակարարումներ չեն եղել:
«Վերջին դեպքերի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց այն ժամանակներում` ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին և ոչ էլ իմ, այդպիսի երևույթներ չեն եղել», – ասել է բարձրաստիճան զինվորականը:
Հարությունյանը հավելել է, թե դա շատ վատ երևույթ է, «որի գնահատականը նախագահն արդեն տվել է, իսկ ովքեր որ մեղավոր են, պետք է պատասխան տան»:
Թերթը եզրակացնում է, որ բանակին գոմեշի մսի մատակարարումը սկսվել է Միքայել Հարությունյանին հաջորդած Սեյրան Օհանյանի օրոք:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամսերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:
Օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը, ով մամուլի տվյալներով հեռացել է Հայաստանից: Գործի շրջանակներում ձերբակալվել է Ալբերտ Օհանջանյանը:
Նշենք, որ սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էր գոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: