Home / Հայաստան / Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրոպական միությանը

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրոպական միությանը

Այսօր 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրոպական Միությանը: Քիչ առաջ այս մասին հայտարարելով՝  Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն և իր անդամներն ավելի քան 6 տասնամյակների ընթացքում ջանքեր են գործադրում ժողովրդավարության զարգացման, համերաշխության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության համար:

Նոբելյան կոմիտեն ԵՄ-ի գլխավոր ձեռքբերումն է համարում Եվրոպան «պատերազմի մայրցամաքից խաղաղության մայրցամաք» վերածելը:

Որպես ԵՄ աշխատանքի վառ օրինակ  բանախոսը հիշեցրել է 1945 թ. հետո Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համերաշխության հաստատման գործընթացը, որին ԵՄ-ն մեծապես նպաստել է:

«Այսօր Ֆրանսիայի և Գերմանյիայի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել, չնայած մինչ 1945 թվականը 65 տարիների ընթացքում նրանք 3 անգամ լայնածավալ պատերազմներ են մղել: Այսօր նրանց միջև նոր պատերազմ պատկերացնել հնարավոր չէ», – մասնավորապես, նշված է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:

Նոբելյան կոմիտեն ընդգծում է, որ բեռլինյան պատի  փլուզումից հետո ԵՄ անդամ են դարձել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ: Այդ ընթացքում ԵՄ-ն աջակցել է տարբեր երկներում ժողովրդավարության զարգացմանը, էթնիկ հակամարտությունների լուծմանը, Արևելքի ու Արևմուտքի միջև կապի ստեղծմանը:

Կոմիտեի ներկայացուցիչը նշել է նաև, որ վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայի՝որպես ԵՄ-ի անդամ դառնալու թեկնածությունը մեծապես նպաստել է այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումների հաստատմանը: