Home / Հայաստան / «Մենքումերոնցով աշխատում են». Պետեկամուտների կոմիտեի նախագահի ընկերությունը

«Մենքումերոնցով աշխատում են». Պետեկամուտների կոմիտեի նախագահի ընկերությունը

Այս տարվա ապրիլի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ի և «Ալեքսերվ» ընկերության միջև կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն՝ հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվ»-ը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա համարի «Մենքումերոնցով աշխատում են» առաջնորդող հոդվածում:

Թերթը ուշագրավ է համարել այն փաստը, որը «Ալեքսերվ» ընկերությունը գրանցված է Տերյան փողոցի 19 շենքի 4-րդ բնակարանում: Նույն շենքի մեկ այլ մուտքում բնակվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

«Բայց խնդիրն այն է, որ նույն այդ Տերյան 19, բնակարան 4-ում գրանցված է նաև հայտնի «Յուքոմ» ընկերությունը, որի կապը Գագիկ Խաչատրյանի հետ, թերևս, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած, «Ալեքսերվը» նույնքան կապված է Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը», այսինքն՝ նույնպես դե ֆակտո պատկանում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին», – գրում է «ՀԺ»-ն:

Թերթն ընդգծում է, որ այդ կապի մասին հուշումն առկա է Հայաստանի բոլոր հարկային տեսչություններում:

«Այդ տեսչություններում չես տարբերի «Ալեքսերվ»-ի աշխատակցին հարկայինի աշխատակցից: Նրանք նստում են այն աշխատասենյակներում, որտեղ աշխատում են հարկայինի աշխատակիցները, ունեն իրենց գրասեղանը, «պերերիվ» են անում հարկայինի աշխատակիցների հետ նույն սենյակներում և այլն: Մի խոսքով, «Ալեքսերվ» ՍՊԸ-ն դարձել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումը: Եվ ինչո՞ւ ոչ. թե՛ պետեկամուտների կոմիտեն, թե՛ «Ալեքսերվը» նույն մարդու սեփական կանտորաներն են», – եզրափակում է թերթը: