Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»:
Այս մասին ասված է գործարարի՝ Ազգային ժողովին ուղղած նամակում:
«Գլխից և Մեծերին Բռնելու հնարավորությունն այս գործում առկա է, եթե իհարկե նրանցից որևէ մեկին բռնելու ցանկությունը իրոք կա: Եկել է հանցագործներին մեղադրանք առաջադրելու ժամանակը, սակայն վերևներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս հանցագործներին պատասխանատվության ենթարկեն, հասկանալի պատճառներով», – գրել է Խուդյանը:
Հիշեցնենք, որ Խուդյանը հիմնադրել է «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից յուրացրել են $8,500,000 ԱՄՆ դոլարի անշարժ գույք և գումար, որից $1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար նախատեսված էր պետության հարկերը վճարելու համար, սակայն, Խուդյանը պնդում է, որ մի խումբ մարդկանց կողմից ընկերությունը տարվել է սնանկության՝ հարկերից խուսափելու նպատակով:
Խուդյանը արդեն 1.5 տարի պայքարում է իրեն տուժող ճանաչելու համար: ԱԺ-ին ուղարկված նամակում նշել է, որ նույն տեքստը նրանց արդեն ուղարկել է, սակայն անհասկանալի պատճառներով նամակը տեղ չի հասել:
Նամակում ներդրողը գրել է, որ դիմում է օրենսդիրներին, քանի որ դատական համակարգում արդյունքի հասնելու բոլոր փորձերը փակուղի են տարել:
Epress.am-ի հարցին, թե ինչու Խուդյանն իր նամակում չի մասնավորեցնում՝ թե որ պաշտոնյանների մասին է խոսքը, նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասրայանը պատասխանել է, որ այդ մասին առանձին հայտարարություն է պատրաստվում:
«Խուդյանը բազմիցս ասել է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է երաշխավորել Վլադ Մանգասարյանին, ում Խուդյանը դարձրել է փայատեր ու տնօրեն: Այնուհետև հենց Սարգսյանի առաջարկով արված աուդիտն է բացահայտել, որ Մանգասարյանը ոչ միայն ներդրում չի արել, այլ 4.5 միլիոն դոլար փող է քցել, բայց Լևոն Սարգսյանը ոչ մի միջոց չի ձեռնարկում իր երաշխավորյալի դեմ»,- ասել է Բաղդասարյանը: