Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի կառավարությունը երեկ հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը զբաղվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խնդրահարույց արձանի հարցով, գրում է Kiyv Post-ը:
Արձանը Մեխիկոյում տեղադրվել է հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի դեսպանատան կողմից: Դեսպանատունը Ալիևի քանդակը տեղադրելու դիմաց բարեկարգել է այն այգին, որտեղ արձանը տեղադրված է:
Բրոնզե արձանի տեղադրելուց հետո մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով այգուց հանել «բռնապետի արձանը»:
Այժմ քաղաքային իշխանությունները 3 գիտնականներից բաղկացած հանձնաժողով են ստեղծել, որը քննելու է ակցիայի մասնակիցների բողոքը:
Քաղաքային զարգացման բաժնի ղեկավար Ֆելիպե Լեալը նշել է, որ կոմիտեի անդամները քննելու են արձանի խնդիրն «անաչառ կերպով, քննադատական աչքով, որպեսզի որոշում կայացնեն առ այն, թե ինչ կարելի է անել այս պարագայում»:
Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանի քարտուղար Մանուել Լունան, իր հերթին, ասել է, որ քաղաքը խնդիրների առաջ կկանգնի, եթե որոշի այգուց հանել արձանը:
«Համաձայն կողմերի միջև ստորագրված համաձայնագրի, արձանը պետք է այգում մնա 99 տարի», – ասել է Լունան՝ ենթադրելով, որ խնդիրը «կարող է ազդել մեր դիվանագիտական հարաբերությունների վրա»:
Լեալն ընդունել է պայմանագրի առկայությունը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ «քաղաքը պետք է արձագանքի համայնքին անհանգստացնող հարցերին»:
Նրա խոսքով՝ հանձնաժողովն իր եզրակացությունը կտա մոտ երկու շաբաթվա ընթացքում, և հնարավոր է՝ «քաղաքային իշխանությունները վերանայեն նախագծին հավանություն տալու փաստը»:
Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը նշել է, որ արձանը նպատակ չունի բարելավել ինչ-որ մեկի վարկը, քանի որ «Հեյդար Ալիևի անձի՝ համաշխարհային հանրության կողմից ընկալումը բարելավման կարիք չունի»:
Նշենք, որ Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատունը ևս մեկ արձան է տեղադրել, որը նվիրված է Խոջալուի իրադարձություններին: Այս արձանի դեմ նույնպես բողոքում են. ակտիվիստները նշում են, որ լավ կլիներ, եթե քաղաքային իշխանություններն այդ արձանի փոխարեն Մեքսիկայում տարիների ընթացքում խոշտանգումների արդյունքում տանջամահ արված մարդկանց հիշատակին նվիրված քանդակ տեղադրեին: