Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Գորիս քաղաքի նստավայրում կայացել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի գործով հերթական դատական նիստը: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից 15-17 օր առաջ զորամասի 3 զինծառայողներ՝ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ԼՂՀ բնակիչներ, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ծեծել, հայհոյել և նվաստացրել են Թորգոմ Սարուխանյանին, և նախաքննական մարմինը գտել է, որ այդ 3 անձանց գործողությունների հետևանքով Սարուխանյանը ինքնասպանություն է գործել:
Epress.am-ի հետ զրույցում Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը, ասել է, որ այժմ Ռազմական ոստիկանությունը թաքցնում է գործով անցնող վկաներին, որպեսզի հիմք ընդունի նրանց տված նախաքնանական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ գործով որպես վկա անցնող Սևակ Ավանեսյանը օգոստոսի 30-ին հերքել էր իր նախաքննական ցուցմունքը և նոր ցուցմունք տվել, համաձայն որի իրենց զորամասի 24 զինծառայողների խոշտանգել են, ծեծել են ու ճնշում են գործադրել իրեն անհայտ 8-ից 10 անձինք, ինչպես նաև զինծառայողներին յոթ օր կալանավորված վիճակում են պահել հակասանիտարական պայմաններում:
Լենա Սարուխանյանը նշել է, որ Սևակ Ավանեսյանը 4-5 նախաքննական ցուցմունք էր տվել, որից մեկն են միայն քրեական գործի հիմքում դրել, որն էլ «իրենց ուզած ձևով գրված ցուցմունքն է»: Հենց այդ ցուցմունքից էլ Սևակ Ավանեսյանը հրաժարվել է, իսկ վերջին դատական նիստին նա չի ներկայացել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ նախաքննական մարմինը, տուժող կողմի ներքին համոզմամբ, ցուցում էր տվել գործը նախագահող դատավոր պարոն Դավթյանին այլևս վկա չհրավիրել դատարան՝ հասկանալով, որ այսուհետև դատարան եկող ցանկացած վկա պետք է ներկայացնի նույն փաստերը, համաձայն որոնց՝ Ռազմական ոստիկանությունում իրենց ծեծել են և խոշտանգել:
«Կատարելով այս պատվերը՝ նախագահող Դավթյանը որոշում կայացրեց նախ 2, իսկ ապա ևս 4 վկաների դատարան չհրավիրել և հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները, այն դեպքում, երբ գործով ամբաստանյալները, ովքեր ավելի համարձակ են, քան նրանց ԼՂՀ քաղաքացի պաշտպանները, հայտարարեցին, որ այս զինվորների ցուցմունքներն ամբողջապես սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, որ իրենք չեն ծեծել, չեն նվաստացրել և ինքնասպանության չեն հասցրել Թորգոմ Սարուխանյանին, ինչպես նշված է այդ ցուցմունքներում»,- ասել է Մարտիրոսյանը:
Լենա Սարուխանյանի խոսքով՝ երբ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ դեմ լինելով, որպեսզի հրապարակվեն վկաների նախաքննական ցուցմունքները, դատավորը մերժել է այն, ինչը հունից հանել է իրեն:
«Ամբողջ աշխարհով մեկ հայերը Սաֆարովի հարցով պայքարում են, որ մի հոգու են սպանել, ՌՈ-ն, որ այսքան վկաների թաքցնում ու հանցագործների է թաքցնում… իսկ ինչո՞վ են տարբերվում այդ արարքները Սաֆարովի այդ արարքից:
Մեր ղեկավարությունը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Տիգրան Սարգսյանը, Կարեն Անդրեասյանը ի՞նչ են մտածում այդ անարդար դատավարությունների մասին, ինչի՞ համար են այդ դատավորներին տվել այդքան ազատություն, որ ինքը մենակ օրենքից է անկախ, բայց ոչ մեկից էլ ինքը անկախ չի: Ղեկավարությունը թող մի քիչ խորը մտածի, և իրենց աթոռների մասին քիչ մտածեն, մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն, այսքան անարդարությունների մասին մտածեն: Ի՞նչ միտումներով են այսքան սպանությունները, ի՞նչ են ուզում հասկացնել ժողովրդին: Լրիվ սերնդասպանություն է»,- Epress.am-ին ասել է Լենա Սարուխանյանը:
Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախագահող Դավթյանի կայացրած որոշումը էապես հակասում է եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետին, համաձայն որի՝ մեղադրվող կողմն իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության:
«Այդ իրավունքից, սակայն, նրան փորձում են ապօրինաբար զրկել Հայաստանի «վայ» դատավորներն ու դատախազները», – ասել է Մարտիրոսյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 29-ին: