«Արին Կապիտալ» կորպորացիայի նախագահ Էդմոնդ Խուդյանն այսօր նամակ է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, որում շարադրել է իր հայցով դատական գործի մանրամասները:
Հիշեցնենք, որ սփյուռքահայ ներդրողը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»:
«Դեռևս գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները», – ասված է նամակում:
Խուդյանը նշում է նաև, որ իր դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և որ նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ: Նամակի հեղինակն առաջարկում է խոսել նրանց հետ և հետևություններ անել, թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:
«Հարկ եմ համարում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ»,- ԱՄՆ դեսպանին հայտնել է Խուդյանը: