Home / Հայաստան / Դատավորն իրավունք չունի մերժել Արտակ Նազարյանի գործով հանգուցային փորձաքննության անցկացումը. փորձագետ

Դատավորն իրավունք չունի մերժել Արտակ Նազարյանի գործով հանգուցային փորձաքննության անցկացումը. փորձագետ

2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին տեղեկացրել է, որ հոգեբան Էլդա Գրինը հարցազրույց է տվել` նշելով, թե չի բացառում, որ իր տված եզրակացությունը, թե Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել՝ սխալ լինի:

Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասել է, որ երեկ տուժող կողմի ներկայացուցիչներն ասուլիսով են հանդես եկել՝ ուշադրությունը կենտրոնացնելով «դատավորի անօրինականությունների և Էլդա Գրինի ակնհայտ կեղծ հանցավոր դատահոգեբանական եզրակացության վրա», որից ելնելով նախաքննական մարմինը գտել էր, թե Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել:

«Ասուլիսից հետո երեկոյան Էլդա Գրինը զանգահարեց ինձ և փորձեց արդարանալ, որ եթե ինքը տվել է կեղծ եզրակացություն, ապա դա տվել է քննիչի կեղծ քննության հիմքի վրա: Այսօր մենք կրկին անգամ դատարանին միջնորդեցինք, որպեսզի կատարվի կրկնակի դատահոգեբանական հետմահու փորձաքննություն և մեջբերեցինք Էլդա  Գրինի խոսքը այսօրվա թերթերից մեկին տված հարցազրույցից,  որում նա նշել է, թե ինքն անմեղ է, և չնայած դրան, ինքը չի բացառում, որ հնարավոր է սխալ եզրակացություն տված լինի», – ասել է Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ նույնսիկ Էլդա Գրինն է փորձագետին խնդրել, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացվի:

Վերջինս տեղեկացրել է, որ տուժող կողմը կրկնակի փորձքննություն անցկանելու միջնորդությամբ դիմելու է դատավորին: Մարտիրոսյանը գտնում է, որ եթե ինքը՝ փորձագետը, կասկածի տակ է  դնում իր եզրակացությունը, ապա դատավոր Սամվել Մարդանյանը իրավունք չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, չընդունել իրենց միջնորդությունը:

«Մարդանյանը անակնկալի եկավ, երբ ես սկսեցի պատմել Էլդա Գրինի ու իմ խոսակցության մասին: Նա ասաց՝ «դա ձեր մասնավոր զրույցն է», այդ ժամանակ ես ասացի, որ Գրինը  հարցազրույց է տվել և չի բացառվում, որ իր եզրակացությունը սխալ լինի:  Մի անգամ Մարդանյանը մերժել է մեր միջնորդությունը՝ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու համար, հիմա մենք փոխեցինք ձևաչափը, հարցադրումները փոխեցինք և կրկին միջնորդելու ենք գործի համար հանգուցային փորձաքննություն անցկացնել»,- ասել է Մարտիրոսյանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 7-ին: