Այսօր Կենտրոն և Նորք Մարաք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերությունն ընդդեմ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» դատական գործով դատաքննության երկրորդ դատական նիստը:
«ԻստԻնվեստոր»-ին պատկանել է կոմբինատի բաժնետոմսերի 3.21%-ը, սակայն 2008 թվականին գործարանի արտահերթ ընդհանուր ժողովում ընկերությանն իր բաժնետոմսերից զրկելու մասին որոշում է ընդունվել, որի արդյունքում ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դարձավ ընկերության միակ սեփականատերը:
Նիստին, սակայն, պատշաճ ծանուցում չստանալու պատճառով չէր ներկայացել կոմբինատի գույքի գնահատում և հետևաբար գերմանացի ներդրողին անհրաժեշտ փոխհատուցում տալու չափը հաշվարկած փորձագիտական «Անիկոմ» ընկերության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ փորձագետին հարցաքննելու միջնորդությունը նախորդ նիստին ներկայացրել էր պատասխանող կողմը՝ կոմբինատը, ով համաձայն չէ «Արիկոմի» սահմանած գումարը փոխհատուցել: Դատարանն էր հանձնարարել «Արիկոմին» փորձաքննություն անցկանցնել, որի արդյունքների համաձայն՝ «ԻստԻնվեստոր»-ի փոխհատուցումը պետք է կազմի 141 միլիոն դրամ: Փոխարենը դատարան էր ներկայացել մեկ այլ փորձագետ՝ «Արթին Էնթերփրայզ»-ից, ով գույքի գնահատում էր անցկացրել 2008թ.՝ կոմբինատի պատվերով:
Կոմբինատի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը միջնորդել էր նրան հարցաքննել: Հիշեցնենք, որ կոմբինատը պատրաստ է հիմնվել այդ գնահատման արդյունքների վրա և փոխատուցել մոտ 26 միլիոն դրամ՝ ավելի քան 3 անգամ պակաս, քան պահանջում է հայցվորը:
«Պարզում է, որ այս երկու ընկերությունների ցույց տված գնահատումների մեջ մոտ 40%-ի տարբերություն կա: Մինչդեռ օրենքը սահմանում է մինչև 20% հակասության դեպքում պարզել փորձագետների հաշվարկների արժանահավատությունը»,- միջնորդել է փաստաբանը:
Սակայն դատավոր Մելքումյանը միջնորդութունը մերժել է այն հիմքով, որ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում դատավարության մասնագետների հարցաքննություն: Բացի դա, դատարանը արժանահավատ է համարել միայն իր հանձնարականով կատարված քննությունը:
Գերմանական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանն ավելի վաղ Epress.am-ին հայտնել էր, որ առանց բաժնետերերից մեկի ներկայության նրան բաժնետոմսերից զրկելը արդեն օրենքի խախտում է: Կոմբինատի փաստաբան Մանթաշյանը մեզ հետ զրույցում հարցին անդրադառնալով՝ ասել է, որ գերմանացի ներդրողը հրավիրվել էր և չի ներկայացել նիստին: «Նա ծանուցվել է, որ ժողով է լինելու, ինչ օրակարգ է ունենալու, սակայն չի ցանկացել ներկայանալ: Բաժնետոմսերի փոխարկման համար անձնի ներկայությունը օրենքը չի պարտադրում»,- ասել է Մանթաշյանը:
Հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 23-ին ժամը 12.00-ին: