Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը, օգտագործելով Սահմանադրության 77-րդ հոդվածը, կարողացել է հրավիրել արտահերթ նիստ շատ կոնկրետ՝ ընտրական համակարգի վերափոխման օրակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը 48 պատգամավորի ստորագրություն էր հավաքել՝ հնարավոր դարձնելով արտահերթ նիստ հրավիրելը: Համաձայն Սահմանադրության՝ նվազագույն անհրաժեշտ քանակը 44 պատգամավորի ստորագրությունն էր:
Զուրաբյանը նշել է, որ այսպիսով լրջագույն համախմբում է կայացել 4 խմբակցությունների միջև՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»:
ՀԱԿ համակարգողն ուրախալի է համարել նաև այն փաստը, որ հարցի շուրջ գոյություն ունի հասարակական համախմբում, և այդ առնչությամբ տարածած հայտարարության տակ ստորագրել են մի քանի ՀԿ-ներ՝ «Իրավունքի եվրոպական միություն» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն:
Զուրաբյանն ընդգծել է, որ այդ կազմակերպությունների տեսակետը գլխավոր գծով համահունչ է Կոնգրեսի առաջարկներին:
Նա արձանագրել է, որ տվյալ պահին կա հստակ ձևավորված պահանջ, որին աջակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, նույնիսկ միջազգային կազմակերպությունները:
«Եվ միայն ՀՀԿ-ն է, որ բոլոր ուժերով ընդդիմանում է այս վերափոխմանը», – նշել է Զուրաբյանը:
ՀՀԿ-ի կողմից այս քայլը «պրոպագանդիստական տրյուկ» որակվելը Զուրաբյանը հետևյալ կերպ է մեկնաբանել.
«Ես ուզում եմ այդ հարգարժաններին հարցնել. «Լավ, ՀԱԿ-ը, ԲՀԿ, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն զբաղված են տրյուկով, իսկ ԵԱՀԿ-ն ու ԵԽԽՎ-ն, հասարակական կազմակերպությունները նո՞ւյնպես զբաղված են պրոպագանդիստական տրյուկով: Սա անհեթեթյուն է, և դա արվում է այս պահանջից խուսափելու համար: Դա վկայում է, որ ՀՀԿ-ն է պրոպագանդիստական տրյուկ անում»:
Զուրաբյանը խոսել է ՀԱԿ-ի հետագա քայլերի մասին՝ ընդգծելով, որ Կոնգրեսն արձագանքում է վերոհիշյալ ՀԿ-ների կոչերին, և նիստը կայանալու դեպքում քաղաքական ուժը պատրաստ է կազմակերպությունների բոլոր առաջարկություններն ընդգրկել փաստաթղթի մեջ: Մասնավորապես, խոսքը գնում է բողոքարկման մեխանիզմների բարեփոխման մասին:
ՀԱԿ համակարգողը նաև նշել է, որ իրենք ստացել են ՀՀ կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմի եզրակացությունները, որոնց կետերից մեկում նշված է, թե Կոնգրեսի փաստաթղթում առկա՝ ընտրություներին զինծառայողների մասնակցության սահմանափակման մասին առաջարկությունը հակասահմանադրական է: Եվս մեկ առաջարկություն՝ քվեացուցակների հրապարակումն ընտրություններից հետո, հակասում է Վենետիկի հանձնաժողովի դրույթներին:
«Ես առաջարկ եմ անում ՀՀԿ-ին. եթե սա է խնդիրը, պատրաստ ենք այս հարցում գնալ կոմպրոմիսի», – նշել է Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողի խոսքով՝ եթե ՀՀԿ-ն բացակայելու է նիստից, ապա, ըստ էության, այդ կուսակցությունը խախտում է Սահմանսդրության 7-րդ հոդվածը, իսկ դա նշանակում է, որ այսօրվա իշխող ուժը մերժում է ընդդիմության սահմանադրական իրավունքը:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգ են ընտրական օրենսգրքի բարեփոխումներով, Զուրաբյանը վաղը 14:00-ին հրավիրել է Ազգային ժողովի մոտ նախատեսվող պիկետին: