ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը չի քննել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման օրինականությունը, որով երկամսյա կալանք է սահմանվել Հայկ Կարապետյանի դեմ, քննիչից պահանջել է գործի նյութերը:
Այս մասին Epress.am-ին պատմել է Կարապետյանի պաշտպան Անի Թորոսյանը: Երբ վերջինս առարկել է դատավորի գործողություններին և խնդրել կամ չուսումնասիրել քննիչի բերած նյութերը, կամ դա անել իր հետ միասին, դատավորը որոշել է չքննել դրանք և մերժել է հայցը:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Կարապետյանին՝ մատնանշելով շուրջ 10 փաստաթղթեր՝ վկաների ցուցմունքներ, փորձաքննություններ, որոնք, ըստ Թորոսյանի, գործում չկան: Այսօր նիստի ժամանակ փաստաբանը միջնորդել է այդ փաստը հաշվի առնել և գնահատել՝ որքանով է գոյություն չունեցող նյութերի վրա հղում անելով ընդունված որոշումը օրինական: Դատավորը քննիչին խնդրել է տալ իրեն բացակայող 10 փաստաթղթերը, ինչը արդեն, Թորոսյանի խոսքով, նոր քննություն իրականացնել է, որը վերաքննիչ դատարանի իրավասության մեջ չի մտնում:
Փաստաբանի մյուս միջնորդությունը, որը վերաբերել է Հայկ Կարապետյանի՝ դատական նիստին ներկա գտնվելու պահանջին, ևս մերժվել է: Թորոսյանը վճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ Կարապետյանի հարազատները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ ոստիկանությունում նրան դաժան ծեծի են ենթարկել, արդյունքում՝ Հայկը ուժեղ գլխացավեր ունի, ստամոքսի հետ կապված խնդիրներ, մարսողության խանգարում, շատ դժվարությամբ է ոտքերը գետնին դնում, քանի որ հիմնականում ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակի հատվածին: