Քուր-Արաքս ավազանի մակերևույթային ջրերի աղտոտման հիմնական աղբյուրներն են կոմունալ-կենցաղային, արդյունաբերական և անասնապահական կեղտաջրերը, գյուղատնտեսական դրենաժային հոսքաջրերը, ինչպես նաև ճանապարհներից լվացվող հոսքաջրերը: Ջրերի որակի վրա ճնշման գործոններից են ճանապարհաշինությունն ու խողովակշարերի կառուցումն ու շահագործումը, քանի որ ուղեկցվում են ջրավազանների լանդշաֆտային և հիդրոմորֆոլոգիական արհեստական փոփոխություններով:
Ամբողջ աշխարհում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը գետեր են արտանետվում, ինչի հետևանքով գետերի ջրերում աճում է ազոտի, ֆոսֆորի և օրգանական ածխածնի քանակը: Կոմունալ-կենցաղային և այլ տեսակի կեղտաջրերը ջրավազանների մակերևույթային ջրեր արտանետվում են հիմնականում մաքրման կայաններում կենսաբանական և քիմիական մաքրում անցնելուց հետո: Սակայն ներկայումս Քուր-Արաքս ավազանում ջրերի մաքրման կայանները գործնականում բացակայում են: Խորհրդային Միության ժամանակներից պահպանված մի քանի մաքրման կայաններում կատարվում է միայն մասնակի մեխանիկական մաքրում: (Կեղտաջրերի կենսաբանական և քիմիական մաքրում գործնականում չի իրականացվում: Ըստ ԵՄ Քուր գետավազանի անդրսահմանային գետերի մոնիտորինգի արդյունքների՝ բոլոր երկրներում իրականացվում է առաջնային, մեխանիկական մաքրում, այն էլ միայն սահմանափակ թվով խոշոր բնակավայրերում): Մեխանիկական մաքրումը կեղտաջրի խողովակի ներսում 20/20 սմ մեծությամբ ճաղավանդակով ֆիլտրն է, որն ուղղակի թույլ չի տալիս այդ մեծությունը գերազանցող աղբի տարանցումը խողովակով:
Մաքրման կայանների փոքր թիվը, դրանց անբավարար ու մասնակի աշխատանքը հանգեցրել են կոմունալ-կենցաղային կեղտաջրերի անկառավարելի արտանետումների, ինչը դարձել է Քուր-Արաքս գետավազանի ջրերի քիմիական, մանրեաբանական և կենսաբանական որակների վատացման գերակշռող և հիմնական գործոն:
Մյուս կարևոր գործոնը գյուղատնտեսական դրենաժային ջրերը և անասնապահական կեղտաջրերն են, որոնք ներհոսելով գետավազանի մակերևույթային ջրեր, նույնպես հանգեցնում են ազոտի, ֆոսֆորի և օրգանական ածխածնի պարունակությունների աճի: Գյուղատնտեսական ջրերի միջոցով գետերի ջրեր են ներհոսում նաև թունաքիմիկատներ և քիմիական միացություններ:
Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և զանազան քիմիական միացություններով: Ավազանի ջրերի որակի վատացման կարևորագույն գործոններից մեկը հանքարդյունաբերությունն է, որի կեղտաջրերն էլ գետավազանը աղտոտում են ծանր մետաղներով:
Ներկայումս գետավազանի ջրերի որակի վրա զգալի ներգործություն ունեն նավթամթերքներն ու ասֆալտենները, որոնք ուղղակի լվացվում են ասֆալտապատ ճանապարհներից և ներհոսում գետերի ջրերի մեջ, կամ լվացվում են ճանապարհամերձ հողատարածքներ և դրենաժի և լվացման միջոցով վերջ ի վերջո նորից հայտնվում գետերի ջրերի մեջ և հատակային նստվածքներում: Այս տեսանկյունից վերջին տարիներին Քուր-Արաքս ավազանում ինտենսիվ զարգացող ճանապարհաշինությունը, հատկապես հաշվի առնելով նաև դրա հիդրոմորֆոլոգիական ու լանդշաֆտային փոփոխությունների բացասական ներգործությունը գետավազանի վրա, կարելի է դասել գետավազանի ջրերի որակի վրա մեծապես ազդող գործոնների շարքին:
Հայաստան
Կոմունալ-կենցաղային աղտոտվածություն
Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանի խոսքերով՝ նախախորհրդային իրավիճակի համեմատությամբ ջրերի աղտոտվածության պատկերն այլ է, որովհետև ջուրը աղտոտող գրեթե բոլոր գործոնները փոփոխվել են:
Մինասյանի խոսքով, ՀՀ տարածքում գետերի ջրերի որակի վրա բացասական ազդող կարևորագույն գործոնը կոմունալ-կենցաղային կեղտաջրերն են:
«Երևանը այն ժամանակ էլ, հիմա էլ միլիոնանոց քաղաք է, թեպետ այժմ բնակչությունը պակասել է, սակայն դրա փոխարեն մաքրման կայանը չի աշխատում, և մեխանիկակական մաքրում է կատարվում,- ասում է նա,- Քաղաքի կոյուղաջրերը հավաքվելով մաքրման կայանում, լցվում են Հրազդան գետը, դրա համար Դարդենիկ գյուղի մոտ Հրազդանի ափով քայլել չի լինում: Այդ հատվածում համարյա մշտապես բարձր կամ արտակարգ բարձր են ամոնիումի, ազոտի, ֆոսֆորի և օրգանական նյութերի կոնցենտրացիաները: Գործնականում նմանատիպ պատկեր է Գյումրի, Վանաձոր, Կապան և մյուս քաղաքների դեպքում, որովհետև ոչ մի մաքրման կայան փաստորեն չի աշխատում»:
Միաժամանակ փորձագետը նշում է, որ ՀՀ գետերի ինքնամաքրման բարձր պոտենցիալի շնորհիվ կոմունալ-կենցաղային աղտոտվածության անդրսահմանային էֆեկտները գործնականում բացակայում են կամ նշանակալի չեն: Հայաստանի գետերի, մասնավորապես, անդրսահմանային Դեբեդի հոսքի արագությունն ու հատակի մորֆոլոգիան այնպիսին են, որ արագորեն բերում են թթվածնով հագեցվածության և կոմունալ-կենցաղային աղտոտվածության շատ արագ մաքրմանը:
«Դեբեդի այն հատվածը, որտեղ լցվում է Վանաձորի կոյուղին, ամոնիումի կոնցենտրացիան շատ բարձր է, բայց 40-50կմ հետո այն բազմակի նվազում է և մինչև Վրաստանի սահմանը հասնելը գետի ջրերը գործնականում մաքրվում են,- ասում է նա,- Փաստորեն, Խրամի և Քուր գետերի ջրերի որակի վրա Դեբեդի միջոցով կենսածին և օրգանական միացություններով աղտոտվածության անդրսահմանային ազդեցություն չկա: ՀՀ տարածքի մյուս գետերը նույնպես չունեն զգալի անդրսահմանային ազդեցություն, բացառությամբ Հրազդան գետի»:
Հրազդան գետի ջրերը, մինչևԱրաքսի հետ միախառնվելը, չեն հասցնում լրիվ ինքնամաքրվել, որովհետև տարածությունը կարճ է՝ մոտ 20 կմ: Այդ պատճառով Հրազդան գետի միջոցով առկա է կենսածին և օրգանական միացություններով աղտոտվածության անդրսահմանային որոշակի ազդեցություն Արաքսի վրա: Այն մասամբ պայմանավորված է նաև Արարարատյան դաշտի գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, ինչպես եզրակացնում է փորձագետը:
«Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ մաքրման կայանների բացակայության պատճառով, երբ Արաքսը ՀՀ հարավային մասում մտնում է հայ-իրանական սահման, ադրբեջանա-իրանական սահմանում արդեն աղտոտվում է Ադրբեջանի Նախիջևան, Օրդուբադ, Ջուլֆա, իրանական Ջուլֆա քաղաքների կոմունալ-կենցաղային կեղտաջրերով և կրում է գյուղատնտեսական կեղտաջրերի ազդեցությունը»,- հավելում է Մինասյանը:
Ըստ ԵՄ ծրագրի հետազոտությունների, բնակչության բարձր խտության և փոքրաթիվ մաքրման կայանների պատճառով օրգանական նյութերով աղտոտումը խնդիր է Ավազանի երկրների համար: «Սակայն այն գտնվում է սահմանային արժեքների տիրույթում. տարեկան արժեքները, համեմատելով Դանուբի գետի առաջին դասի ջրերի հետ (3.0 մգ/ O2/լ) և ամոնիումի (0.2 մգ N/l), տեսնում ենք, որ դրանք չեն գերազանցում սահմանային արժեքները»,- փաստում է մոնիտորինգային փաստաթուղթը:
ԵՄ ծրագիրը Հարավային Կովկասի ջրերի որակական պատկերը կազմելու համար հիմք է ընդունել Դանուբ գետի ջրերի հետ համեմատականությունը, որը, ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի համաձայն, բաժանվում է հինգ դասի:
Գյուղատնտեսական և արդյունաբերական ծագման աղտոտվածություն
Շահագործվող պոչամբար
Ավազանի ջրերի որակի վրա ազդող մյուս կարևոր գործոններն են գյուղատնտեսությունը և անասնապահությունը, որոնց ճնշումը, սակայն, խորհրդային տարիների համեմատությամբ կտրուկ նվազել է:
«Խորհրդային տարիներին ՀՀ տարածքում մշակվում էր 500 հազար հեկտարից ավելի վարելահող: Կոլտնտեսության պարագայում պարարտանյութն անլիմիտ օգտագործվում էր, որի մի մասը վերջ ի վերջո հայտնվում էր գետերի ջրերում, ինչն էլ բերում էր ազոտի ու ֆոսֆորի կոնցենտրացիաների բարձրացմանը,- մեկնաբանում է Սեյրան Մինասյանը:- Այժմ վարելահողերի մակերեսը կտրուկ պակասել է, իսկ օգտագործվող պարարտանյութերի քանակը՝ նվազել, ինչի հետևանքով ՀՀ գետերի ջրերում ազոտի, ամոնիումի, ֆոսֆորի կոնցենտրացիաները խորհրդային տարիների հետ համեմատած նվազել են բազմապատիկ անգամներ»:
Մինասյանը որպես աղտոտման աղբյուր մատնանշում է նաև ճանապարհաշինությունը, քանի որ ճանապարհների հարցը միջնորդավորած ազդում է ջրերի որակի վրա:
«Հայաստանը փակ սահմաններ ունի և ստիպված է նոր ճանապարհներ կառուցել, փոփոխելով նաև գետավազանների հիդրոմորֆոլոգիան և լանդշաֆտը, ինչը նշանակալի ճնշում է գետերի ջրերի որակի վրա,- մեկնաբանում է նա:- Մյուս կողմից, ճանապարհածածկույթի ասֆալտը ծանր օրգանական միացությունների պոտենցիալ աղբյուր է, այդպիսի մակերեսների մեծացմանը համընթաց մեծանում է ջրերի որակի վրա բացասական ազդեցությունը»:
Մինասյանը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանում գործել է մոտ 700 գործարան, այդ թվում գիգանտ քիմիական կոմբինատներ, որոնք միութենական նշանակության գործարաններ էին:
«Տարեկան արտադրվում էր 50-75 հազար տոնա քլորոպրինային կաուչուկ, տասնյակ հազարավոր տոննա ազոտական պարարտանյութեր, պոլիվինիլացետատ, քիմիկատներ և այլն,- ասում է նա:- Այսօր այդ գործարանների մեծ մասը չկա, իսկ որոնք կան և աշխատում են, այլևս չունեն նախկին հզորությունը և հետևաբար չունեն ջրերի և ընդհանրապես շրջակա միջավայրի աղտոտման նշանակալի պոտենցիալ»:
Նաիրիտ քիմիական կոմբինատը, որը նախկինում տարեկան արտադրում էր մոտ 100-150 հազար տոննա տարբեր քիմիկատներ, այդ թվում՝ հեղուկ քլոր, քլորոպրենային կաուչուկ և այլն, այժմ չի աշխատում, իսկ հետխորհրդային առաջին տարիների ընթացքում ունեցել է տարեկան մինչև 5000-9000 տ քլորոպրենային կաուչուկի արտադրություն: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում կար պղնձի ռաֆինացման արտադրամաս և ծծմբական թթվի արտադրություն, որոնք աղտոտման աղբյուրներ էին Դեբեդի հատվածում, այսօր դրանք նույնպես չկան: Ալավերդու պղձամոլիբդենային գործարանը՝ 40 հազար տոննա պղնձի արտադրություն ուներ, որը հիմա տատանվում է 7000-9000 տոննա չափաքանակներում:
Մինասյանը զարմանքով է խոսում այն պնդումների մասին, թե Հայաստանի ջրերում ֆենոլի կոնցենտրացիան գերազանցում է թույլատրելի սահմանը: Հայաստանում ֆենոլի հետ կապված արտադրություն երբեք չի եղել, բացի այդ ֆենոլը որոշակի կոնցենտրացիաներով առկա է նաև բնական միջավայրում, հատկապես անտառներում, փայտանյութի և մի շարք բույսերի մեջ: Ֆենոլի վերաբերյալ խոսակցություններ եղել են խորհրդային տարիներին: Անցած դարի 80-ական թվականներին նույնիսկ ԽՍՀՄ միութենական հանձնաժողով է եկել ՀՀ գետերի ջրերում ֆենոլի ուսումնասիրություն կատարելու: «Հինգ տարի ֆենոլի մոնիտորինգ են անցկացրել, ոչինչ չհայտնաբերելով՝ հարցը փակել են ու դրան էլ չեն անդրադարձել,- ասում է նա,- բայց չգիտես ինչու մինչև հիմա այդ հարցը բարձրացվում է»:
Արդյունաբերական ճյուղերից Հայաստանում որոշակի զարգացում է ապրել հանքարդյունաբերությունը. բացվել և շահագործվում են մի շարք նոր կամ նախկինում շահագործումից հանված մետաղական հանքավայրեր: Ըստ մակերևույթային ջրերի որակի մոնիտորինգի արդյունքների, ծանր մետաղների կոնցենտրացիաների արժեքները մի շարք, օրինակ՝ Դեբեդ, Ողջի, գետերի ջրերում ֆոնայինի համեմատությամբ ավելի բարձր են, սակայն ավելի ցածր են լավ որակի համար սահմանային կոնցենտրացիաների այն արժեքներից, որոնք ընդունված են, օրինակ միջազգային հանձնաժողովների կողմից Դանուբի կամ Հռենոսի ջրերի համար:
Մինասյանն ընդգծում է, որ, օրինակ պղնձի միջին կոնցենտրացիան Դեբեդում՝ Վրաստանի սահմանի մոտ, 20մկգ/լ կարգի է, որն ակունքի ջրերում առկա միջին կոնցենտրացիաների հետ համեմատած բարձր է, որտեղ այդ ցուցանիշը 3 մկգ/լ է: «Իսկ խորհրդային ժամանակներում գործող չափանիշը` 1մկգ/լ էր, որը հիմա Ադրբեջանում գործող նորմատիվ է, իսկ, օրինակ Եվրոպայում՝ Հռենոս գետի համար այդ ցուցանիշը 100մկգ/լ է,- ասում է նա:-Այդ պատճառով միևնույն կոնցենտրացիան մի երկրում կարող է համարվել խիստ բարձր, մյուսում՝ նորմայի սահմաններում: Սա լուրջ խնդիր է տարածաշրջանի համար»:
Փորձագետի խոսքով՝ մետաղների համեմատաբար բարձր կոնցենտրացիաներ դիտվում են Ողջի գետի ջրերում` պայմանավորված Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերի ճնշմամբ, Դեբեդի ջրերում՝ Ախաթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատնի կեղտաջրերի ճնշմամբ:
«Սակայն բոլոր այդ աղտոտվածությունները չունեն նշանակալի անդրսահմանային ազդեցություն, քանի որ գետերի հոսանքով դեպի ներքև մետաղների կոնցենտրացիաները նվազումեն և միջպետական սահմանների հատվածներում արդեն գտնվում են թույլատրելի սահմաններում,- ասում է նա»:
Մեղրիի հատվածում Արաքսի ջրերի վրա առկա է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերի ճնշումը` Կարճևան գետի միջոցով, սակայն ըստ փորձագետի՝ այն ևս գտնվում է թույլատրելիության սահմաններում:
Պղնձի դիտված կոնցենտրացիոն արժեքները՝ համաձայն իրանական և հայկական կողմի տվյալների՝ փոքր են ԵՄ ձկների կյանքի պահպանման համար (2006/44/EC) սահմանված նորմից ընդհանուր պղնձի կոնցենտրացիան սաղմոնազգիների համար 0,04մգ/լ, հետևաբար պղնձի պարունակության փոփոխությունը տեղի է ունենում սահմանված նորմի սահմաններում և չի կարող համարվել ճնշում:
Միևնույն ժամանակ Մինասյանը հիշեցնում է, որ որոշ դեպքերում, օրինակ, Դեբեդի ջրերի որակի վրա առկա բացասական ազդեցությունը պայմանավորված է նաև խորհրդային և մինչխորհրդային ժամանակների հանքարդյունաբերության ժառանգությամբ:
«Ախթալայում 150 տարի առաջ պղինձ ու կապար են արդյունահանել, և ներկայումս Ախթալա գետի ավազանում առկա են բազմաթիվ լքված պոչանքներ, պոչամբարներ, հանքախորշեր,- մեկնաբանում է նա:- Հանքախորշերից անընդհատ արտահոսում է ծծմբական թթու, որն իր ճանապարհին լուծում է ծանր մետաղները: Արդյունքում գետի ջրերում պղնձի, մանգանի ու վանադիումի կոնցենտրացիաները տասնապատիկ անգամ բարձրանում են ֆոնային կոնցենտրացիաների համեմատ»:
«Էկոլուր» բնապահպանական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը չի տեսնում ելքը, թե ինչպես պետք է վարվել Ախթալայի լքված հանքերի հետ: «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարելի է անել դրանց հետ,այդտեղ հսկայական գումարներ պետք է ծախսել տարածքի ռեկուլտիվացիայի համար,- ասում է նա,- բայց այնտեղով հոսում է Ախթալա գետը, որն արդեն գետ չէ,այլ կոյուղատար: Ճիշտ է, երբ այն խառնվում է այլ ջրերի հետ, ավելի մաքուր է դառնում, բայց միևնույն է Ախթալայից եկած ջուրը ոչ մի տեղ չի կորչում»:
Ըստ ԵՄ ծրագրով մոնիտորինգի արդյունքների, ծանր մետաղների կոնցենտրացիաների արժեքները ավելի բարձր են ֆոնայինի համեմատությամբ, սակայն ավելի ցածր են լավ որակի համար սահմանային կոնցենտրացիաների այն արժեքներից, որոնք ընդունված են միջազգային հանձնաժողովի կողմից Դանուբի ջրերի համար:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցությունը Արաքսի վրա
Ագարակը գտնվում է Հայաստանի հարավ-արևմտյան ծայրամասում՝ մայրաքաղաք Երևանից 410 կմ հեռավորության վրա: Տեղակայված է Արաքսի ձախ ափին և Իրանից բաժանվում է գետով:
Ագարակը բնական ռեսուրսների մեծ պաշարներ ունի, որից ամենատարածվածը պղնձամոլիբդենային հումքի առկայությունն է։
Քաղաքն ունի մոտ հինգ հազար բնակիչ, որոնց գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող հիմնարկ-ձեռնարկություններում։ Այստեղ նաև շատ պտղատու այգիներ կան:
Ագարակից 7-8կմ հեռավորությամբ է գտնվում Մեղրին, որի բնակչության եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Երևանում, հատկապես, հարգի է Մեղրիի թուզն ու նուռը:
Մեղրի քաղաքի Կայարանի բնակիչ Սամվելն ասում է, որ Ագարակի միրգը Մեղրու մրգից համով տարբերվում է, որովհետև Ագարակում հողերը ջրում են պոչամբարից եկած ջրով:
«Երևանում չեն զգում տարբերությունը, բայց մենք ուտելուց զգում ենք,- ասում է նա,- էդ նրանից ա, որ Ագարակի ջուրը թունավորված ա: Բայց դրա փոխարեն, Ագարակի ժողովուրդը Մեղրուց լավ է ապրում»:
Ինչ է պոչամբարն, ու ինչպես են առաջանում կեղտոտ ջրերը
Լցված պոչամբար
Պոչամբարը խորը կիրճ է, որը չորս կողմից շրջափակված է բարձր լեռներով, ու որտեղ լցնում են հանքանյութի շահագործումից հետո ավելացած թափոնները: Ավելի պարզ ասած, դա մի «խորդանոց է», որտեղ պահում են անպետք իրերը: Գործող պոչամբարի եզրին կանգնելուց կարելի է տեսնել ավազի մեջ թաղված ժայռեր, որոնցից մնացել են միայն գագաթները:
Հանքի շահագործման պրոցեսում, երբ հանքանյութից պղինձն ու մոլիբդենն առանձնացվում է, մնացածը հեղուկ խյուսը, որպես թափոն, ֆաբրիկայից մոտ 1 կմ երկարությամբ պլաստամասսայե խողովակաշարի միջոցով հոսում և հավաքվում է պոչամբարներում: Խողովակաշարով ջրային զանգվածը մաքրվելով ավազից, դուրս է գալիս պոչամբարի աշտարակի միջով և թունելով հոսում է դուրս, և դրանով ջրում են այգիները:
Յուրաքանչյուր հանք ունենում է մի քանի պոչամբար: Պոչամբարները ոչ մի տեղ չեն անհետանում, դրանք հավերժ մնում են որպես «նվեր» տարածքի և երկրի ժառանգներին: Տեղանքի ջրային ռեսուրսներներում ֆոնային կոնցենտրացիաները առանց այդ էլ բարձր են, որովհետև ապարները, որոնցով հոսում է ջուրը, պարունակում են պղինձ և մոլիբդեն, իսկ շահագործումից հետո գոյացած պոչամբարները՝ այդպես տարիներով մնալով, արդեն բաց ձևով են պարունակում այդ մետաղները, որոնք անձրևների, քամու ժամանակ հայտնվում են ջրերում, օդում, հողում և ի վերջո, մարդկային սնունդում: Ագարակի բնակիչներից մեկը ծիծաղելով պատմում էր, որ տեղացի բնակչության մոտ 10 տոկոսն են երկարակյաց. «Մնացածն էլ շուտ-շուտ մեռնում են»:
Պոչամբարը ևս կարելի է շահագործել և կորզել օգտակար մետաղները, սակայն դրա գործարկումը տեխնիկապես շատ թանկ է և ոչ ձեռնտու հանքի սեփականատիրոջը: Լցված պոչամբարը ծածկվում է հողի շերտով: Քաջարանի ճանապարհին կարելի է նկատել բարձր ժայռերի մեջ խոտածածկ հարթավայրը, որը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին պոչամբարն է եղել:
Քաջարանի Լեռնաձոր համայնքի բնակիչ Ալյոշա Հակոբյանը բողոքում էր Ողջի գետի մաքրությունից, տեղյակ լինելով, որ շրջակա տարածքի կոյուղին լցվում է այնտեղ: «Էս ջուրը մինչև Ղափան քաղաք գնում ա, գետը որ բարակում ա, մարդիկ օգտագործում են կովերն ու այգիները ջրելու համար,- ասում է նա ու բորբոքված հարցնում,- ինչի՞ համար ա կանալիզացիան լցվում էնտեղ, առաջ տենց չէր, առաջ մաքրում էին»:
77-ամյա հնաբնակին առաջին հերթին անհանգստացնում էր օրգանական աղտոտվածությունը, թեպետ Ողջին կրում է Կապանի լեռնահարստացման և Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների վնասակար ազդեցությունը:
Իսկ ահա Կարճևան գյուղի բնակիչ 76-ամյա Արմո Անդրեասյանը շատ լավ տեղյակ է, որ իրենց այգիները ջրվում են Ագարակի ֆաբրիկայի ֆիլտրացված ջրերով: Նա ձեռքը մեկնելով կոմբիատի կողմը՝ ասում է, որ ջուրը թունելով գալիս է մինչև այգիների սկիզբը, որտեղից էլ օգտվում է գյուղի բնակչությունը:
«Էնտեղի ջուրը ռադիացված է ու բոլորն էլ գիտեն էդ մասին, բայց ի՞նչ անենք,- ասում է նա,- էդ ջրով մենք ջրում ենք մեր այգիներն ու ամեն գյուղատնտեսական մթերքն էլ ուտում ենք»:
Նա ասում է, որ մի ժամանակ իրենք օգտվել են Կարճևանի ջրից, սակայն հիմա երիտասարդները տիրություն չեն անում. «Անգամ մինչև Ագարակ էդ ջրից են օգտվել, հիմա՝ չէ, հիմա հանքից եկող ջուրն են օգտագործում են»:
Կարճևան գետակը, որ լցվում է Արաքս
Ագարակի շրջակայքից ծծումբի հոտ է գալիս. քաղաքի հենց կենտրոնով հոսում է Կարճևան փորքիկ վտակը, որի մեջ են լցվում կոմբինատի կեղտաջրերը և այն ուղիղ հոսում է դեպի Արաքս: Այդ տարածությունը չափազանց կարճ է և ջուրը չի հասցնում ինքնամաքրվել:
Սակայն ըստ հայ-իրանական համատեղ մոնիտորինգի արդյունքների (2006-20010թթ), Արաքսի ջրածնով հագեցվածության ցուցանիշը (pH) Կարճևանն ընդունելուց հետո փոփոխությունների գրեթե չի ենթարկվում. «Քանի որ Կարճևանի հոսքը մոտ 700 անգամ փոքր է Արաքս գետի հոսքից. այդ հատվածում Արաքսի հոսքի տարեկան միջինը կազմում է 175խմ/վ, իսկ Կարճևանինը՝ 0.25- 0.45 խմ/վ:
Վտակը մոխրագույն է և սակավաջուր: Տեղացիները պատմում են, որ ջուրն այդ գույնի է եղել խորհրդային ժամանակներից սկսած և այն ժամանակ ավելի հորդառատ է եղել:
«Երբ ես փոքր էի, նույնիսկ երեխաներով բոբիկանում և ոտքերներս մտցնում էինք ջուրը, որովհետև արևից այն արծաթագույն պսպղում էր,- պատմում է 35-ամյա Զարուհին,- և ոչ մեկը չէր զգուշացնում, որ դա վտանգավոր է»:
Մի ագարակցի, որ չցանկացավ ներկայանալ, ծիծաղելով պատմում էր, որ իրենց օրգանիզմն այնպես է սովորել թունավոր օդին, որ մաքուր տեղանքին չեն դիմանում. «Ով ստեղից գնում ա, մեկ էլ իմանում ենք, որ մեռել ա, ով գիտի՝ երևի օրգանիզմը չի դիմանում մաքուր օդի»:
Խոսելով Կարճևանի մեջ լցվող ջրի գույնի և պարունակության մասին, նա ասում էր, որ այնտեղ լցվում են ֆաբրիկայից ավելցուկ ջրերը, որոնք այնտեղ չպետք է լցվեն:
«Դա թունելի ջրերն են, որ ուբոռկա են անում ֆաբրիկան, ուղարկում են էստեղ, իսկ երկու տարբեր պոչամբարից երկու սլիվներ կա, որ գնում են Արաքս,- ասում է նա,- դա էդպես չպիտի լինի, բայց դրա համար փող պիտի ծախսեն-բան, թանկ ա ամեն ինչը»:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր շրջանառու ջրամատակարարման համակարգը
Հանքարդյունաբերությունը ամբողջ աշխարհում և Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական կոմբինատներում կատարվում է փակ շրջանառվող ջրամատակարարման համակարգով, որը ենթադրում է պոչամբարի կառուցում, որտեղ հավաքվում են հանքաքարի շահագործումից գոյացած ջրերը: Փակ շրջանառու համակարգի դեպքում կեղտոտ ջրերը պոչամբարի աշտարակում ֆիլտրվում են, որից հետո այն հնարավոր է լինում օգտագործել այլ նպատակների համար:
Ագարակում բոլորը խոսում էին նոր կառույցի մասին, որը հնարավորություն կտա նվազեցնել շրջակայքին հասցվող վնասները: Խոսքը շրջանառու համակարգի նորացման մասին է, որի նպատակն օգտագործված ջրից առավելագույնս կորզել օգտակար մետաղները՝ մեկ անգամ վերցված ջուրը բազմակի անգամներ օգտագործելու համար:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ասում է, որ շինարարությունն սկսվել է 2008-2009թթ., սակայն ճգնաժամի պատճառով դադարեցվել է:
«Անցյալ տարվանից մեծ տեմպով աշխատանքներն ընթանում են և ներկայումս այն գրեթե ավարտվում է,- մեկնաբանում է նա,- դա Հայաստանում եզակի տեխնոլոգիա է, և դրանով կոմբինատը լուծում է Մեղրու տարածքի բնապահպանական խնդիրները: Խորհրդային ժամանկներից սկսած էլ եղել է պոչամբարներում ջրի մաքրում և նստեցում, բայց այսօր դա չի բավարարում եվրոպական ստանդարտներին, և նոր համակարգով կոմբինատը բավարարում է միջազգային ստանդարտները, որը Եվրոպայի պահանջն է»:
Զաքարյանի փոխանցմամբ՝ նոր համակարգի ներդրումն արժե մոտ 4 մլն դոլար, և հետագայում ևս կներդրվի 2 մլն դոլար, « որպեսզի բնությանը հասցվի նվազագույն վնաս»:
Կայարանցի Սամվելը փիլիսոփայական երանգով ավարտելով զրույցը լրագրողական խմբի հետ, եզրակացնում է. «Դրա համար պիտի նենց անեն, որ ոչ խորովածը վառվի, ոչ էլ խորոված անողը, ինչքան մենք մեր էկոլոգիան լավ պահենք, էնքան էս սերունդը առողջ ա մեծանալու»:
Ադրբեջան
Քուրն Արաքսի ջրերի հետ Կասպից ծովն է թափվում Ադրբեջանի խոշորագույն արդյունաբերական քաղաք Բաքվից 200 կմ-ից քիչ ավելի հեռավորության վրա: Ադրբեջանի բնապահպանական ողջ աղտոտվածության 60-70%-ը բաժին է ընկնում Բաքվին ու Ապշերոնին, որոնք Քուրից ու Արաքսից մեծ հեռավորության պատճառով այդ գետերի ջրերը բոլորովին չեն աղտոտում:
«Ըստ որում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին և այդ երկրի խոշոր արդյունաբերական քաղաք Քութաիսին բոլոր արդյունաբերական և կենցաղային թափոնները Քուրն են լցնում առանց նախնական մաքրման»,- հայտարարեց Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի և դեպարտամենի տնօրեն Մաթանաթ Ավազովան:
Վրաց մասնագետներն իրենց հերթին ասում են, որ Քուրը իրենց երկրի տարածք Թուրքիայից մտնում է արդեն խիստ աղտոտված:
Ադրբեջանի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության անցկացրած գույքագրումը ցույց է տվել, որ Արաքսի ափերին բնակեցվածությամբ խոշոր և նույնիսկ միջին ոչ մի քաղաք չկա: Իսկ Քուրը հոսում է Մինգյաչավիր ու Եվլախ խոշոր քաղաքների կողքով: Բայց այդ քաղաքների ձեռնարկություններն աշխատում են իրենց հզորությունների 20-30 %-ի չափով և ոչ մշտապես,- ավելացրեց Ավազովան:
Քուրն ու Արաքսը միասին և առանձին հոսում են Ադրբեջանի ամենաբերրի հողերով, որտեղ ֆերմերներն աճեցնում են հացահատիկային և բոստանային մշակաբույսեր, ինչպես նաև` բամբակ: Ֆերմերներն իրենց հողերը մշակում են գոմաղբով ու հանքային պարարտանյութերով, վնասատուների դեմ հատուկ քիմիական պրեպարատներով: Այդ հողերի ճնշող մասը ոռոգվում է, ոռոգման ավելցուկները հավաքվում են մինչև Կասպից ծով հասնող կենտրոնական կոլեկտորային ջրանցքի մեջ, և ջրի մնացորդները թափվում են ծով: Հանքային և օրգանական նյութերը դաշտերից կարող են գետեր թափանցել միայն ուժեղ, հորդառատ անձրևների ժամանակ,- տեղեկացրեց Ավազովան:
Քուր գետը
Միաժամանակ նախարարությունում ընդունում են, որ այդ գետերի անմիջական ափերին գտնվող բնակչության և ֆերմերային տնտեսությունների կողմից առկա է տեղային աղտոտում կենցաղային ու գյուղատնտեսական կեղտաջրերով:
«Ադրբեջանի ստորին շրջաններում, ինչպես նաև Քուրի վերին հոսանքներում, տեղի է ունենում գետի կենսածին աղտոտում օրգանական թափոններով, թեև ոչ այնքան մեծ ծավալներով: Բնապահպանության նախարարությունում շատ տարիներ առաջ որոշում կայացրին աղտոտիչներ հայտնաբերելու կենսաբանական մեթոդներ կիրառելու մասին, որոնք փչացնում են Քուր և Արաքս գետերի ջրերի որակը»,- ավելացրեց Արաքսովան:
«Շատ դժվար է կանխել գյուղացիների կողմից գոմաղբը, կենցաղային աղբը և այլ թափոնները գետը լցնելը, որոնք պետք է կենտրոնացված կարգով դուրս բերվեն տարածքից ու տարվեն աղբավայրեր: Չցանկանալով վճարել աղբահանության համար, բնակչությունն աղբն ուղղակի անփութորեն լցնում է գետը»,- ավելացրեց նա:
Ի դեպ, 2012-ի հունիսին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի /Խորհրդարանի/ որոշմամբ` աղբը թափելու և չնախատեսված վայրում այն պահելու համար տուգանքի չափը կրկնապատկվել է: Հիմա օրենքը խախտողներին տուգանք է սպասում 40 մանաթի չափով /1մանաթը մոտավորապես 1 եվրո է/:
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հաղորդել է այն մասին, որ 2012թ. մայիսի երկրորդ կեսին անց է կացրել բնակչության կողմից աղբը թափելու և ուտիլիզացիայի մոնթորինգ: Նախարարության աշխատակիցները ֆիզիկական ու իրավաբանական անձանց գործողությունների 231 ակտ և արձանագրություն են կազմել, իրավախախտումների 78 կոնկրետ դեպքերի համար 69130 մանաթ գումարի չափով տուգանքի որոշումներ են կայացվել:
«Natre and life» հասարակական կազմակերպության տնօրեն Ֆուադ Ախունդզադեն գտնում է, որ այն բանից հետո, երբ խորհրդային շրջանում բժիշկների ճնշման տակ արգելվեց բամբակի արտադրության մեջ կիրառվող դուստի և լիդանի արտադրությունը, մարդու կյանքի համար վտանգավոր այդ պեստիցիդները ֆերմերները քիչ են օգտագործում: «Բայց ջրում պեստիցիդներ, այնուամենայնիվ, հայտնաբերվում են, թեև քիչ քանակով, քանի որ երկիր են ներկրվում արտասահմանյան պարարտանյութեր և քիմիական պրեպարատներ, որոնք գնում են որոշ ֆերմերներ: Նրանք էլ դաշտերում շաղ են տալիս պեստիցիդներն ու պարարտանյութերը, իսկ այնտեղից վտանգավոր նյութերը հայտնվում են ջրի մեջ»,- նշեց Ախունդզադեն:
Քուրի ու Արաքսի աղտոտվածության ուսումնասիրման ծրագրի մասնակից լրագրողներն իրենք են հետևել, թե ինչպես Ադրբեջանի Սալյանի շրջանի Նովրուզլու գյուղից ձգվող ոչ մեծ խողովակներով դեպի այդ գետեր են իջնում չմաքրված կենցաղային թափոնները:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կենցաղային և գյուղատնտեսական հոսող թափոններից Ադրբեջանի գետերի ջրերի բացարձակ պաշտպանությունն այսօր անհնար է: Եթե քաղաքների ու մեծ տնտեսությունների թափոնները հավաքվում են կոլեկտորում և հասցվում են ծով, որի կողքին մաքրման են ենթարկվում, ապա փոքր բնակավայրերը գործնականում զրկված են մաքրող կառույցներից:
Ադրբեջանի կառավարությունը ընդունել և իրականացնում է երկրի քաղաքացիներին մաքուր խմելու ջրի մատակարարման պետական ծրագիր, որի շրջանակում խոշոր բնակավայրերի կողքին կառուցվել են մշտական և շարժական մաքրող սարքեր: Այնտեղ, որտեղ նման սարքեր չկան, գյուղացիներն իրենք են մաքրում գետի ջուրը:
Միաժամանակ, կեղտաջրերի, կոյուղաջրերի մաքրումը , ինչպես նաև կոշտ թափոնների /աղբի/ դուրս բերումն աղբավայրեր կատարվում է Ադրբեջանի միայն խոշոր բնակավայրերում: Քիչ բնակեցված ավանների ու գյուղերի բնակիչները աղտոտում են գետի ջուրը, և դրա համար նրանց իրավապահ մարմիններն առայժմ զանգվածաբար չեն պատժում:
Առանի իջվածքում գտնվող Ադրբեջանի հարթավայրային շրջանների որոշ բնակիչներ հնուց ի վեր խմելու համար օգտագործել են հարթավայրով հոսող Արաքսի ու Քուրի ջրերը: Այն հողերի յուրահատկության, որտեղով հոսում են այդ գետերը, իսկ վերջին հարյուրամյակներում` նաև արդյունաբերական և գյուղատնտեսական աղտոտվածության պատճառով այդ գետերի ջուրն առանց մաքրման պիտանի չէխմելու համար:
Սալյանի շրջանի Նովրուզլու գյուղը գտնվում է Քուրի ու Արաքսի միջև, Սուգովուշան վայրում, որ ադրբեջաներեն նշանակում է գետերի միախառնում: Գյուղից քիչ վերև Արաքս գետը սահուն ու խաղաղ թափվում է Քուրը, բայց գույնի բնական տարբերության պատճառով երկու գետերը հոսում են միասին ու անջատ` տարբերվելով գույներով: Արաքսի գորշ- կարմիր ջուրը երկար չի խառնվում Քուրի կեղտոտ մոխրագույն ջրերին:
Քուր և Արաքս գետերի միախառնման հատվածը
Ֆերմեր Սահիբ Մեհտիևի երիտասարդ ընտանիքը բաղկացած է նրա երիտասարդ կնոջից ու նախադպրոցական տարիքի երկու մանկահասակ երեխաներից: Սահիբը լրագրողներին ցույց տվեց կոնաձև հին քարե քառակուսի ֆիլտրը: Այդ կրաքարից փորագրված ծակոտկեն քարի մեջ մինչև երկու դույլ գետի ջուր է լցվում: Այդ ջուրը նախապես թողնվում է դույլերի մեջ, քանի դեռ ծանր մասնիկները հատակին չեն նստել: 24 ժամում ջուրը ֆիլտրվում է քարի մեջ և կաթիլ-կաթիլ, միանգամայն մաքուր հոսում է տարայի մեջ: Արցունքի պես մաքուր ջուրը կարելի է խմել, բայց ֆիլտրված ջուրը Մեհտիևները նաև եռացնում են: Նրա հարևան Անար Մամեդովն ակնհայտորեն ունևոր է Մեհտիևից: Նրա մառանի տանիքին մետաղե բաք է տեղադրված, որի մեջ էլեկտրական շարժիչը մղում է գետի ջուրը: Որոշ ժամանակ մնալով բաքում, ջուրն ուղղվում է դեպի բակում տեղադրված երկրորդ տարա, որի մեջ ֆերմերի կինը շաղ է տալիս ջուրն աղտոտող նյութերը կլանող հատուկ մանրացված քար` զեյ: Ֆիլտրող քարը վաճառվում է շրջկենտրոնի շուկայում:
Մամեդովը չգիտի այդ քարի ազդեցության մեխանիզմը, բայց երիտասարդներին այն օգտագործել սովորեցրել են ծնողները, որոնք ջուրը զտելու հնագույն մեթոդը ժառանգել են իրենց ծնողներից:
Թեյի ու սննդի պատրաստման համար այս և մյուս ադրբեջանական ընտանիքներում մաքրված ջուրը սկզբում պահվում և նստվածքազերծվում, իսկ հետո եռացվում է: Քուրի և Արաքսի ափին է գտնվում Սաբիրաբադ քաղաքը, որի բնակիչներն ստանում են պետության կառուցած ֆիլտրների միջով անցած գետի մաքուր ջուր: Մեծ տարողությունների մեջ ջուրը պահելուց և նստվածքազերծելուց հետո այդ կենտրոնում ջուրն անցկացվում է փոխվող ֆիլտրների միջով:
Սաբիրաբադ քաղաքի և նրա հարևան գյուղերի բնակիչները ողջ օրվա ընթացքում ստանում են մաքուր ջուր, ինչպես ասացին մեզ բնակիչները:
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի ազգային դեպարտամենտի փոխտնօրեն Մաթանաթ Ավազովան համոզված է, որ ադրբեջանական պետությունը անում է ամեն ինչ` հարթավայրային շրջանների բնակիչներին մաքուր խմելու ջրով ապահովելու համար:
2006թ. Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը դիմեց նախագահ Ի. Ալիևին` խմելու ջրի մատակարարման խնդիրների մասին զեկույցով: Դրանից հետո պետական սուբսիդիաներ հատկացվեցին, և կառուցվեց կոլեկտորների համակարգ, որով հարթավայրային քաղաքներից կոյուղու հոսքերն ուղղվում են ծով` առանց գետը լցվելու: Մեծացվել են Բաքվի մոտակայքում գտնվող Գովսանի մաքրման սարքավորման հնարավորությունները:
«2007թ.-ից Ադրբեջանում տեղադրվել է շուրջ 200 մոդուլային մաքրող սարքավորում, որտեղ գետի ջուրը մաքրվում է և մատուցվում բնակչությանը: Այդ սարքավորումները խմելու ջրով են ապահովում Ադրբեջանի հարթավայրային բնակավայրերի շուրջ կես միլիոն բնակչությանը»,- ասաց Ավազովան:
«Ազգային ջրամատակարում և կոյուղի» կառավարական ծրագրի շրջանակում աշխատանքները շարունակվում են: 2012թ. մայիսին նախարարությունը հաղորդեց այն մասին, որ ծրագրի շրջանակում երկրի ևս 6 քաղաքում ծրագրվում է համաշխարհային մակարդակի մաքրող սարքավորումների կառուցում:
Աննա Մուրադյան, Հայաստան
Քյամալ Ալի, Ադրբեջան
Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:
այս թեմայով կարդացեք նաև.
Քուր-Արաքս գետավազանի խնդիրները երեկ և այսօր
Հայաստանի և Ադրբեջանի ջրային քաղաքականությունը. անդրսահմանային համագործակցություն