Դալմայի այգիների հողերի նախկին սեփականատերերը կասկածներ ունեն, թե իրենց դիմումներն ու նամակները անձամբ ՀՀ նախագահին չեն հասնում, ուստի որոշել են այսուհետ այլ ճանապարհներ փնտրել՝ դրանք հասցեատիրոջը հանձնելու համար: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է սեփականատերերից մեկը՝ Ռուզան Ղազարյանը:
Այսօր սեփականատերերը հերթական բողոքի ակցիան են անցկացրել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հողերը խլել են և համարժեք փոխհատուցում չեն վճարել:
Ակցիայի մասնակիցների հետ այսօր նախագահի նստավայր էին եկել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներ, իսկ ավելի ուշ բողոքող սեփականատերերին է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ում սեփականատերերը հրաժարվել են նոր դիմում հանձնել:
«Տիկին Ասատրյանն ասաց, որ մեր դիմումին գրավոր պատասխան չի լինելու և բանավոր տեղեկացրեց, որ նախագահը շատ զբաղված է ու մեզ ընդունել չի կարող, իսկ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանն էլ, ում բազմիցս հանդիպել ենք, այժմ հրաժարվում է մեզ ընդունել: Մենք իր հետ հանդիխպելու ոչ մի ցանկություն չունենք: Այս տարվա հոկտեմբերի 10-ին դիմումով պահանջել ենք հանդիպում անձամբ Սերժ Սարգսյանի հետ, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել, այնինչ օրենքով մեկ ամսվա ընթացքում պետք է գրավոր պատասխանեին», – ասել է Ղազարյանը:
Նրա խոսքով՝ իրենց խնդիրը կարող է լուծել միայն նախագահը. «Ուրիշ ոչ ոք մեր հարցը լուծելու ուժ ու զորություն չունի»:
Խնդրի առնչությամբ Epress.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանի հետ:
«Մենք շարունակում ենք աշխատել հողերի սեփականատերերի հետ ու ամեն ինչ անում ենք, որ հատուցումներն օր առաջ տրվեն: Կոնկրետ ժամանակահատված չեմ կարող նշել, բայց անպայման փոխհատուցելու ենք: Այս տարվա ընթացքում 48-ից մնացել է 18 սեփականատեր, ում պահանջները անպայման կբավարարվեն», – ասել է Կարապետյանը:
Նշենք, որ Դալմայի այգիների հողերի օտարման մասին որոշումը կայացվել է 9 տարի առաջ: Հողերի նախկին սեփականատերերը նշում են, որ իրենցից շատերը չիմանալով, որ իրենց հողերը գնված են, շարունակել են հողի, ջրի հարկեր վճարել, մշակել տարածքները, իսկ հետո էլ դուրս են հանվել հողերից:
Բողոքողները նշել են, որ նոր սեփականատերերը, որոնց թվում մի քանի ընկերություններ, այդ թվում՝ «Հայռուսգազարդը», ինչպես նաև անհատներ, տարածքը գնել են գույք պարտքի դիմաց ծրագրով և հրաժարվում են գոնե փոխհատուցում վճարել հողերի նախկին մշակողներին: