Այսօր առավոտյան Երևանում և Շիրակի մարզում մեկնարկած լրացուցիչ խորհրդարանական ընտրությունները թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում նմանվում են 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, առաջին հերթին, խնդիրների առկայությամբ: Ինչպես և մի քանի ամիս առաջ, առավոտից խնդիրներ են ծագել անձնագրերում դրվող կնիքների հետ, որոնք սկսել են ցնդել:
Մասնավորապես, թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի ընտրական շտաբը դիմում է ներկայացրել թիվ 35 ԸԸՀ-ին՝ ժամկետից շուտ անհետացող թանաքների վերաբերյալ: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Գրիգորյանի շտաբից:
Դիմումում նշված է, որ այդ ընտրատարածքի 45 ընտրատեղամասերից 19-ից ահազանգեր են ստացվել, որ կնիքների թանաքները, որոնք պետք է անհետանային 12 ժամվա ընթացքում, սկսել են անհետանալ արդեն առավոտյան:
Epress.am-ի հետ զրույցում Գյումրիի թիվ 31 դպրոցում տեղակայված 35/25 տեղամասի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը ներկայացել է իր տեղամասում տեղի ունեցող իրադարձությունները: Նա նշել է, որ սկզբում դպրոցի տնօրենն ու ուսուցիչները շրջել են տեղամասում, մինչդեռ նրանք համարվում են կողմնակի անձինք և իրավունք չունեն ընտրությունների ժամանակ լինել այնտեղ: Այնուհետև, երբ նրանց զգուշացրել են, որ նրանք այդ իրավունքը չունեն, ուսուցիչները սկսել են ներս ու դուրս անել միայն դպրոցի գլխավոր մուտքից:
Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ դպրոցի ուսուցիչները ինչ-որ ցուցակներ ձեռքներին շրջում են դպրոցում և զբաղված են ընտրողներ տեղամաս բերելով: Տեղամասում ներկա գտնվող լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք դա ուսուցիչների պարտականությունների մեջ է մտնում, թե՞ նրանց պարտադրել են, ուսուցիչներն ասել են, որ իրենք ընտրողներին չեն ուղղորդում, թե ում ընտրեն՝ միայն ասում են, որ գան մասնակցելու:
Խաչատրյանի խոսքվո՝ նույն հարցով դիմել են դպրոցի տնօրենին. վերջինս առհասարակ հերքել է՝ հակասելով ուսուցիչներին ասածին: Նա նշել է, որ իր ուսուցիչները կիրակի օրով դպրոցում են, որ դեկտեմբերի 7-ի հետ կապված ինչ-որ միջոցառումների հարցեր քննարկեն:
Հիշեցնենք, որ թիվ 35 ընբտրատարածքում ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանի դեմ պայքարում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործարար Արման Սահակյանը:
Լուսանկարը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքի