Այսօր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի մոտ (Աբովյան փողոց) «Մարտի 1» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում էին հանդիպել պատտմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, հետ, ով, իրենց խոսքով, կեղծ տեղեկություններ է զետեղել մարտի 1-ի իրադարձությունների մասին նորագույն պատմության դասագրքի մեջ:
Մինասյանը հրաժարվել է հանդիպել մարտի 1-ին զոհվածների ծնողների հետ լրագրողների ներկայությամբ: «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը ՀԿ-ի հայտարարությունն է փոխանցել Մինասյանին.
«2012 թվականին ԵՊՀ երաշխավորությամբ լույս է տեսել հայոց պատմության դասագիրք, որի մեջ ներառվել է նաև 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի նկարագրությունը:
Կատարելով իշխանությունների պատվերը և հաճոյանալով գործող վարչախմբին՝ ԵՊՀ պատմաբանները դեպքերը ներկայացրել են միակողմանի և աղավաղված: Առանց որևէ փաստարկված ապացույցի գրքում անհիմն մեղադրանք է ներկայացված խաղաղ ցուցարարներին՝ նրանց ներկայացնելով որպես ջարդարարներ ու թալանչիներ:
Չբավարարվելով այսքանով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և մյուս հեղինակները մեղադրել են նաև մարտի մեկի անմեղ զոհերին, գրելով այն մասին, որ երկուստեք հրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է տասը հոգի:
Պատմաբան կոչվող այս անձինք «պատմություն» են կերտել այն դեպքերի վերաբերյալ, որին ականատես է եղել հայ ժողովրդի զգալլի մասը, մեղադրել են զոհերին, որոնց սպանությունները բացահայտված չեն և մարդասպանները իշխանությունների թողտվությամբ ազատ շրջում են հանրապետությունում: Պատմությունն այս աստիճան պղծելով և հայ ժողովրդին հանցագործ ներկայացնելով՝ վերոնշյալ «մասնագետները» կատարել են այն մարդկանց պատվերը, ովքեր, լինելով իշխանության ղեկին, Մարտի 1-ի սպանդի հեղինակներն ու գլխավոր պատասխանատուներն են: Փորձելով խուսափել պատասխանատվությունից՝ պատմաբանի «անուն» կրողները միտումնավոր շրջանցել են Մարտի 1-ին զինված ուժերի մասնակցության փաստը, որի նշման դեպքում կապացուցվեր, որ խաղաղ ցուցարարների գնդակահարության գնով Մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի հիմնական իրականացնողն է եղել Հայոց բանակը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք բուհերից ետ կանչել նշված պատմւթյան դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի զոհերի անունը արատավորելու փորձ կատարելու համար»: