ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մատաղիսի աղմկահարույց գործով երեք կասկածյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը ու Արայիկ Զալյանն արդարացվել են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տղաների պաշտպան Հայկ Ալումյանը: Նա առայժմ մեկնաբանություններ չի արել, միայն շնորհակալություն է հայտնել դատավորներից, որոնք իրենց մեջ ուժ գտան և արդարացման դատավճիռ կարդացին:
Ակտիվիստ Լալա Ասլիկյանն էլ Epress.am-ին ասել է, որ դատարանում այժմ աննկարագրելի ուրախություն է տիրում, տղաներն ու հարազատները հուզմունքից լացում են: Ուրախացել է նաև զոհված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, ով ևս համոզված էր, որ 3 մեղադրյալները չեն սպանել իր որդուն: Մկտրումյանն ասել է, որ այսօր իր թոռան՝ մյուս որդու տղայի ծննդյան օրն է, և այս որոշումը իր համար խորհրդանշանական է:
Հայկ Ալումյանի խոսքով՝ ինքը տուժողների իրավահաջորդների հետ շարունակելու է զբաղվել այս գործով և օգնելու, որպեսզի երկու զինծառայողների սպանության իրական մեղավորները բացահայտվեն:
Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի, դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ երկու զինծառայողներ՝ Ռոման Եզիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը, դուրս են եկել զորամասից: Հունվարին նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:
Դատախազության վարկածի հիմքում դրված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանական կողմի, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Փաստաբանները նշում են, որ երկու անգամ Ռազմիկ Սարգսյանի դեմ սուտ մատնություն է տվել իր նախկին ընկերուհին: Նա ասել է, թե իբր Ռազմիկն իրեն սպառնացել է՝ ասելով՝ «տես, դու էլ իմ զոհը չդառնաս»: