Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները մի քանի ՀՀԿ-ական նախարարներից հետաքրքրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ Սեդրակյանը վիրավորել էր a1plus.am կայքի լրագրող Մհեր Արշակյանին:
ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ինքը միջադեպից տեղյակ չէ, և լքել է կառավարության շենքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նույնպես նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ մասին, բայց լրագրողի հետ նման վերաբերմունքը անընդունելի երևույթ է համարել:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ նման երևույթները ցանկալի չեն:
«Փառք Աստծո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մեզ մոտ էականորեն կրճատվել են և ամեն ինչ պետք է արվի, որ նման դեպքերը զրոյականացվեն», – ասել է Թովմասյանը:
Լրագրողներից մեկը նշել է, թե «Ձեր կուսակից ընկերն է, միգուցե, բարեկամաբար, ընկերաբար խորհուրդ տաք», ինչին Թովմասյանը պատասխանել է, որ իր կուսակիցները դրան արդեն անդրադարձել են:
«Մեր կուսակից ընկերը դրան անդրադարձել է, ի՞նչ եք կարծում՝ մի քանի հարյուր հազար կուսակից ընկերները բոլորը պետք է արձագանքե՞ն», – ասել է Արդարադատության նախարարը:
Նշենք, որ երեկ իր գործընկերոջ արարքը դատապարել էր ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը:
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջադեպի կապակցությամբ երեկ հրապարակավ ներողություն էր խնդրել:
Այսօր Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե չի կիսում Շարմազանովի դիրքորոշումը։
«Էդուարդ Շարմազանովը մեր խոսնակն ա։ Ինքը ինչ ա ասել, ինչի համար ա ասել՝ ես չգիտեմ, բայց ես ինքս ո՞նց ետ կանգնեմ, էն դեպքում, որ ինքն ա հրահրում, ինքն ա տանում դրան, ես ասեմ ինձ կներե՞ս», – պարզաբանել է պատգամավորը, – «Ընկեր ջան, ես խոսում եմ, ասում եմ, հըլը քաշի էտի։ Դրանից հետո նոր ես արդեն ինձանից դուրս եկա, մի փոքր կոպիտ խոսացի։ Սա ընդամենը իմ համար բարոյական խնդիր ա»։
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդամենը օրեր առաջ Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ասել էր, որ քաղաքացին պիտի իրեն ապահով զգա եւ արդյոք այս միջադեպի արդյունքում ինքը կուսակցության ներսում խնդիրներ չի ունենա, Մհեր Սեդրակյանը արձագանքել է․
«Ես չգիտեմ ինչ կլինի։ Նախագահն ա, մեր կուսակցության ղեկավարը, ինքը ոնց որոշի՝ տենց պըտի լինի ամեն դեպքում»։
Ռադիոկայանի ճշտող հարցին, թե եթե նախագահը որոշի, որ Սեդրակյանը պիտի ներողություն խնդրի, նա կանի՞ դա, հանրապետական պատգամավորը պատասխանել է․
«Ես ներողություն չեմ խնդրի։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իմ ինքնասիրությունը ամեն ինչից բարձր ա։ Էդ խոսափողը, որ դեմ են տալի, ես էնքան հեռու եմ պահում, որ հանկարծ․․․ այ ընկեր, էտի երեւի ձեր բերանն եք մտցնում, կամ հազար մարդու բերան եք մտցնում, հետո բերում ուզում եք կոխեք իմ բերանը․․․ ըտենց չի լինում, էլի․․․ մի քիչ լրատվությունն էլ չափ պետք ա ունենա»։
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր Մհեր Արշակյանին առաջարկել է հանդիպում կազմակերպել Մհեր Սեդրակյանի հետ՝ հարցը քննարկելու համար: