Տխմար է մտածել, թե Նժդեհին ոչնչացնում են «ֆեյսբուքյան դեմոտիվատորները», Նժդեհին ոչնչացնում են լրիվ այլ հարթակներից, ընդ որում՝ կազմակերպված: Այս մասին հայտարարում է Youtube.com-ում տեղադրված « Ya Garegin Njdeh House Music Mix 2012» տեսանյութը՝ ցուցադրելով «կազմակերպիչների»՝ ՀՀԿ-ի, «Հայոց Արծիվների», «Մեկ ազգի» տարբերանշանները, ինչպես նաև այդ կառուցների հայտնի անդամներ Արմեն Աշոտյանի, Գոռ Թամրազյանի, Խաչիկ Ասրյանի լուսանկարները: Տեսանյութը մեմերի հեղինակներից մեկի պատասխանն է «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության տարածած հայտարարության, որը խստորեն դատապարտում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի գովազդային հոլովակի շուրջ ստեղծված մեմերը և դրանց հեղինակներին:
Հիշեցնենք, որ հայրենակցական նախաձեռնության հայտարարությունում նշվում է, թե մի խումբ «ապազգային տարրեր էժանագին արշավանք» են սկսել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ:
«Նախաձեռնությունը ստիպված է հիշեցնել, որ հենց Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ հիմա մենք անկախ պետականություն ունենք: Եվ այսօր ուղղակի ապշել կարելի է այն տեսարանից, թե ինչպես են մի խումբ հայ երիտասարդներ հրճվում և հաճույք ստանում ֆիլմում հերոսի կերպարը ծաղրելուց՝ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին: Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք:
Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, ներիր մեզ, որ քեզ ծաղրում են միայն նրա համար, որ Հայրենիք ես վերածնել, ներիր մեզ նրա համար, որ քեզ չի ծաղրում թշնամին, քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերածնվեց», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ֆիլմում դերասանի «Յա Գարեգին Նժդեհ» արհատայության շուրջ հումորները արագ տարածվեցին համացանցում, ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ստեղծեցին նկարներ, մեմեր, ԳԻՖ-եր, ի վերջո նաև այդ բոլորին միավորող խումբ բացվեց, որն ունի մոտ 400 հետևող: մեմերը վիրավորել էին ոչ միայն «Գարեգին Նժդեհ» նախաձենությանը, այլև բազում անհատների: մեմեր ստեղծողները և դրանք տարածողները ստանում են քննադատություններ, նույնիսկ սպառնալիքներ:
Քննադատներին ֆեյսբուքյան ակտիվիստները անհատական ևս հակադարձում են՝ նկատելով, որ վերջիններս «ուռա-հայրենասեր» են, որ լռում են իրական ծաղրողների դեմ և չեն հարգում մարդու խոսքի ազատության իրավունքը:
Լուսանկարը՝ Արթուր Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից