ՀՀ նախագահի թեկնածու Պարւյր Հայրիկյանի՝ Facebook-ում տեղադրված բաց նամակը՝ ուղղված թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին զարմացրել է վերջնիս:
Բագրատյանը Հայրիկյանի նամակին նույնպես պատասխանել է Facebook-ի միջոցով.
« Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում, և կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են և չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է: Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղի՞ց գիտես, որ ես նման բան եմ ասել; Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել և դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է և խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես: Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի և ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք և պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ»:
Հիշեցնենք, որ Հայրիկյանն իր նամակում, մասնավորապես, գրել էր, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել: