Երևանի կենտրոնում՝ Սարյանի պուրակում, տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքների մասնակիցներն այսօր հայտարարել են նոր քաղաքացիական նախաձեռնություն ստեղծելու մասին՝ «Ազատության հրապարակ» անվամբ:
Այսօր նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծում է, որ «որպես Հայաստանի ապագայով մտահոգված և հինգ տարվա ընթացքում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործին լծված քաղաքացիներ, քաջ գիտակցում է, որ ստեղծված խնդիրները լուծելու և անցանկալի զարգացումները կանխելու միակ ելքը օրառաջ գործող վարչախմբի տապալումն ու ազատ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է»:
Նշենք նաև, որ նախաձեռնության անդամները, ողջունելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու գործընթացը, հայտարարել են, որ «Ազատության հրապարակ»-ը ողջ կազմով միանում է նոր ստեղծվող կառույցին:
Նշենք նաև, որ հայտարարությունից անմիջապես հետո Սարյանի պուրակում սկսվել է ստորագրահավաք, որին միացել են մի շարք քաղաքացիներ՝ դառնալով «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անդամներ:
Այսօր Սարյանի պուկարում էին նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:
«Ազատության հրապարակ» նախաձեռնության անդմաների հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը ՀԱԿ-ում գործող այն կուսակցությունների հետ, որոնք չեն ցանկանա լուծարվել և մտնել նորաստեղծ կառույցի կազմի մեջ, դաշնակցային պայմանագրեր կկնքի:
«Խնդիր չկա, կարևորն այն է, որ մենք էդ դժվար որոշումներ կայացնող կազմակերպչական ձևից՝ Կոնգրեսից, որտեղ տասնհինգից ավել ուժեր են ներկայացված և բոլոր որոշումները պետք է կոնսեսուսով ընդունվեին, հիմա ավելի մոբիլ օպերատիվ կերպով գործող իրավական կազմակերպչական ձևի կուսակցության ենք անցնում: Որպեսզի մեր որոշումներ ընդունելը, իրագործելը հեշտ լինի, օպերատիվ լինի»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը: