Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում քիչ առաջ ավարտվեց ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի կազմակերպված հոգեհանգստյան արարողությունը, որին ներկա էին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» մի շարք ներկայացուցիչներ, որոնք մինչ այդ երթով գնացել էին Մյասնիկյան հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:
Հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի մի շարք անդամներ՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հրանտ Բագրատյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատարագին չէր ներկայացել: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը ներկա չէ, Արամ Մանուկյանը պատասխանել է. «Որովհետև չի եկել»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մարտի 1-ից հետո անցել է 5 տարի, և այդ ընթացքում որևէ բացահայտում չի եղել:
Ըստ Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Մարտի 1-ի գործին պետք է նոր թափ հաղորդվի, վկայում է այն մասին, որ իշխանություններն էլ չեն կարող ասել, որ այդ էջը փակված է:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը, գնահատականներ տալով Մարտի 1-ի դեպքերին, պետք է չափազանց հստակ լինեն, եթե իսկապես ուզում են, որ դրանք բացահայտվեն, և պետք է որևէ այլ մեղավորների չփնտրեն, բացի այն ժամանակ և այսօր գործող իշխանություններից:
Լևոն Զուրաբյան նաև պարզաբանել է, թե ինչու այս տարի չկայացավ մարտիմեկյան հանրահավաքը Ազատության հրապարակում: Ըստ Զուրաբյանի՝ հանրահավաքի ծրագիրը չեղյալ համարվել է այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարել, որ Ազատության հրապարակում պետք է հանդիպում ունենա:
«Մենք կոչ արեցինք մեր համակիրներին միանալ Հովհաննիսյանի հանրահավաքին, որպեսզի երկու հանրային միջոցառում չլինի մեկ գործի համար և ժողովրդին երկու խմբի չբաժանի: Սակայն մեզ համար անհայտ պատճառներով Րաֆֆի Հովհաննիսյանը հետաձգեց իր հանրահավաքը»,- ասել է Զուրաբյանը:
Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցում հավաքվածներն այնուհետև երթով քայլեցին դեպի Մյասնիկյան հրապարակ: