ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ 3-րդ միջանկյալ զեկույցը, որը վերլուծում է ընտրությունների պաշտոնական արդյուքները և համապատասխան մտահոգություններ պարունակում, այդ թվում՝ հետընտրական շրջանում իրավապահ մարմինների և ԶԼՄ-ների աշխատանքի հետ կապված:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերլուծության մեջ նշվում է, որ գոյություն ունի փոխադարձ կապ ընտրողների մասնակցության և գործող նախագահի ստացած քվեների միջև, ինչը, ըստ դիտորդների, մտահոգություն է առաջացնում ընտրությունների արդյունքների հանդեպ վստահության հարցում:
«Այն տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը: 1988 ընտրատեղամասերից 1746-ն ունեցել են 300-ից ավելի գրանցված ընտրողներ: Դրանցից 144-ում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչն անհավանական բարձր է թվում: Ընտրատեղամասերից 115-ում գործող նախագահը ստացել է ավելի քան 80 տոկոս ձայն: 303-ից 198 տեղամասերում, որտեղ մասնակցությունը կազմել է 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասերում մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ցածր, որոնցից Սարգսյանը 50 տոկոսից ավելի քվե ստացել է 40 տեղամասերում, իսկ Հովհաննիսյանը` 155 տեղամասերում»,- ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակներին կասկածելի է թվում նաև անվավեր քվեաթերթիկների մեծ թիվը, որը որոշ տեղամասերում գերազանցել է քվեաթերթիկների ամբողջ թվի 20%-ը:
Զեկույցում նշվում է նաև, որ ընտրատեղամասերում արդյուքները վերահաշվարկելու դիմումները մերժվել են, բացառությամբ 132-րդ տեղամասի մասին դիմումի:
Դիտորդներին մտահոգում է այն, որ ոստիկանությունում և Գլխավոր դատախազությունում ստացված շուրջ 300 բողոքներից միայն 10-ի դեպքում է քրեական գործ հարուցվել:
«Մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը, ընտրողական քաղաքականություն են որդեգրել քաղաքական գործընթացները լուսաբանելու հարցում՝ սահմանափակելով ընտրությունների մասին քննադատություն հնչեցնելու հնարավորությունը: Հ1-ը, «Շանթ»-ը և «Արմենիա TV»-ին ներկայացնում են ակցիաների շատ մակերեսային լուսաբանում և անընդհատ կրկնում են, որ ակցիաներն անօրինական են», – ասված է զեկույցում: