Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ: ՍԴ-ն անփոփոխ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները, որոնց համաձայն ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: ՍԴ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները 17/5 ընտրատեղամասում (Արարատի մարզ), որտեղ դիտորդները բարձրաձայնել են ընտրախախտումների մասին: Նշենք, որ այդ ընտրատեղամասում Սերժ Սարգսյանը հավաքել է 830, իսկ Րաֆֆի Հովհաննիսկանը՝ 419 ձայն:
Նախագահող Գագիկ Հարությունյանը դատարանում ընթերցել է որոշման 34 էջից 9-ը՝ ներկայացնելով մերժման հիմքերը:
Նա նախ նշել է, որ հայցվոր կողմն անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել 2005 թվականին Սահմանադրության մեջ մտցված փոփոխություններին, որոնցով ՍԴ-ի լիազորությունները սահմանափակվել են: Ըստ դարատանի որոշման՝ դա է պատճառը, որ հայցվորները ներկայացրել էին նաև պահանջ վարչական դատարանի որոշումը քննելու մասին, ինչը, նոր Սահմանադրությամբ, ՍԴ-ն չի կարող անել:
Գագիկ Հարությունյանի դիտարկմանբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների միջնորդությունները ևս անիրագործելի էին դատարանի համար: Ըստ նրա՝ կողմը ընդամենը փորձում էր դրանցով տպավորություն ստեղծել, որ ՍԴ-ն ցանկություն չունի դրանք բավարարելու:
«Մեր երկրում առկա հետընտրական քաղաքական իրավիճակը չի կարող դիտարկվել իրավաբանական վեճի շրջանակներում: Համապետական ընտրությունների արդյունքների մասին վեճերի մասին ՍԴ-ի որոշումները , ինչքան էլ դրանք հիմնավոր են եղել, երբեք միանշանակ չեն ընկալվել հասարակության տարբեր միավորների կողմից»,- նկատել է Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրա պատճառներից մեկը նաև այն է, որ հասարակությունը ցածր իրավագիտակցություն ունի:
Գագիկ Հարությունյանը նկատել է, որ Հայաստանում վերջին 10 տարիներին կա նաև մտահոգություն իշխանության առանձին ճյուղերի սերտաճման վտանգի մասին:
Նրա խոսքով՝ կողմը չի օգտվել օրենքով սահմանված իրավունքներից և ՍԴ դիմելուց առաջ չի դիմել այլ մարմինների. ԱԺ խմբակցություններից անդամներից ոչ մեկը բողոք չի ներկայացրել և ստորագրելով հաստատել է ընտրատեղամասի արձանագրությունը, իսկ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի 1009 ներկայացուցիչներից, բացառությամբ մեկի, տեղամասային արդյունքները վերահաշվարկելու միայն մեկ դիմում է եղել: