Բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում կրկին անդրադարձել է երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտարարությանը, ով ասել էր. «Հադրութում զոհված 9 զինվորները՝ անցյալ տարի թուրքի կողմից կրակված, ողբերգություն չէ՞ր»:
Իրինա Ղազարյանի մոր նամակում ասված է.
«Ըստ քրեական գործի տվյալների` որդիս` ԼՂՀ ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանը, 15.12.2010թ-ին իրեն վատ է զգացել, շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: 17.12.2010թ.-ին վիրահատվել է, 21.12.2010թ-ին մահացել` այդպես էլ գիտակցության չգալով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության միջադեպի բացակայության պատճառաբանությամբ:
Մեր ունեցած տվյալների համաձայն` 2010թ. դեկտեմբերի 15-ի սահմաններում նույն թիվ 38701 զորամասում մահացել են ևս 8 զինծառայողներ: Նշեմ, որ այս մասին բարձրաձայնել է նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարում բանավեճի ժամանակ 03.03.2013թ.-ին: Ցիտեմ Շուշան Պետրոսյանին. «Հադրութի սպանված 9 զինվորներին մի՛ կապեք քաղաքականության հետ»:
Ելնելով վերոնշյալից` խնդրում եմ ինձ տեղեկացնել, թե համապատասխանու՞մ են արդյոք այս լուրերն իրականությանը»:
Նամակն ուղարկվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ ԱԱԾ նախագահ Գորիկ Հակոբյանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրինա Ղազարյանն այդ թեմայով հարցազրույց էր տվել Epress.am-ին: