հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի նախագիծը պետք է մերժվի, վստահ են բնապահպանները

«Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի նախագիծը պետք է մերժվի, վստահ են բնապահպանները

ՀՀ պետական լիազոր մարմինը պետք է բացասական եզրակացություն տա «Մեգաէներջի» ընկերության կողմից  ներկայացված «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծին: Նման կարծիք են հայտնել «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և Համահայկական Բնապահպանական Ճակատի անդամներ Մերի Խաչատրյանն ու Լևոն Գալստյանը:

Բնապահպանները տեղեկացնում են, որ մարտի 15-ին  ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հանրային լսումները: Բնապահպանները ներկայացնում են փաստեր այն մասին, որ այդ լսումները օրինական չէին կարող համարվել.

«ՀՀ բնապահպանության նախարարության կողմից չի թույլատրվել Գետահովիտ համայնքի թվով երեք բնակիչների մուտքը լսումների դահլիճ, սահմափակվել է նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը լսումների դահլիճ: «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի տեղադիրքը կապված է Արջատխլենու և Իջևանի արգելավայրերի ու նրանց պահապանման գոտիների հետ, իսկ ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի և ջրահեռացման կոորդինատների համադրմամբ պարզել ենք, որ նախատեսվող ՓՀԷԿ-ի ջրառը և խողովակաշարը գտնվում են Իջևանի արգելավայրի տարածքում: Այդ իսկ պատճառով միանշանակ է, որ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջների համաձայն, ըստ որի արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանությանը, պետք է մերժել ներկայացված նախագիծը:

Այս մասով ՓՀԷԿ-ի նախագիծ կազմող «ԷՌԱ» ՍՊԸ փորձագետներն ընդհանրապես անտեսել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության հանգամանքը՝ պատճառաբանելով, որ ՓՀԷԿ-ի շենքի հողակտորը գտնվում է արգելավայրերի տարածքից դուրս, չգիտես թե ինչու մոռանալով ջրընդունիչ կայանի և անցկացվող խողովակաշարի մասին: Այդ տարածքում են աճում արջատխլենի և կենի ծառատեսակները, որոնք ընդգրկված են ՀՀ բույսերի կարմիր գրքում, սակայն ներկայացված փաստաթղթերում ոչ մի խոսք չկա դրանց աճման վայրերի տեղադիրքի մասին կատարված ուսումնասիրությունների մասին: Նախագծում որևէ խոսք անգամ չկա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից արդեն իսկ անօրինական կերպով հատված ծառերի տեսակների ու քանակի մասին: Անհասանելի է՝ ՀՀ բնապահպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պետական մարմինների (ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ում ենթակայության տակ են գտնվում վերը նշված արգելավայրերը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ կապված սողանքների և փլվածքների հետ) մասնագիտական կարծիքները «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի և արդեն իսկ նրա կողմից արգելավայրերին հասցված վնասների վերաբերյալ: Եթե դրանք առկա են, ապա պետք է հնչեցվեին 15.03.2013թ. ՓՀԷԿ-ի նախագծի մասնագիտական լսումների ընթացքում կամ պետք է հրապարակվեն, որոնք մինչ օրս չեն արվել: Այս նախագծի վերաբերյալ խիստ անհրաժեշտ է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքն ու համաձայնությունը», – նշում են փաստաթղթի հեղինակները:

Այսպիսով՝ բնապահպանները գնտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է մերժի «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության նպատակով ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը և/կամ տրամադրի բացասական եզրակացություն:

Բնապահպանները հիշեցնում են, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանների պահանջով «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից սույն ՓՀԷԿ-ի կառուցման առաջին նախագիծը մերժվել էր, սակայն այժմ ներկայացվել է երկրորդ նախագիծը, որի հեղինակն է նույն ընկերությունը՝ «ԷՌԱ» ՍՊԸ-ն: