Home / Հայաստան / «Արմավիան» ապրիլի 1-ից կդադարեցնի չվերթները, կարող է սնանկ հայտարարվել. թերթ

«Արմավիան» ապրիլի 1-ից կդադարեցնի չվերթները, կարող է սնանկ հայտարարվել. թերթ

Ապրիլի 1-ից «Արմավիա» ընկերությունը դադարեցնելու է իր բոլոր չվերթները: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: «ՀԺ»-ն պարզաբանման խնդրանքով դիմել է ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովային:

«Ես չեմ կարող դեռ պաշտոնապես ասել, բայց այս կյանքում ամեն ինչ հնարավոր է», – ասել է Ավետիսովան:

«Չվերթները դադարեցնելուց հետո Սերժ Սարգսյանի երբեմնի մերձավոր ընկերոջը՝ Միքայել Բաղդասարովին պատկանող «Արմավիայում» կսկսվի սնանկացման գործընթաց: Ի դեպ, «Արմավիայում» առաջիկայում սպասվող իրադարձություններին երեկ սկսել է նախապատրաստվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

«Արմավիայի» սնանկացումը չի բացառվում, քանի որ ընկերությունում լարված ֆինանսական վիճակ է», – լրագրողներին ասել է ՔԱԳՎ պետը: Նա հիշեցրել է նաև, որ «Արմավիայի» և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագիրը, որով «Արմավիան» բացառիկ իրավունքներ  էր ստացել, ավարտվում է ապրիլի 22-ին և դժվարացել է ասել՝ կերկարաձգի՞ կառավարությունը լիցենզիայի ժամկետը, թե ոչ», – գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթի տեղեկություններով, «Արմավիան» չի դիմել լիցենզիայի երկարաձգման համար: «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ եթե դիմեր էլ, լիցենզիան չէր երկարաձգվի:

«Բազմիցս գրել ենք, որ Բաղդասարովը ցանկանում է վաճառել «Արմավիան»: Դա սակայն որևէ կերպ չի ստացվում: Բաղդսարովի ուզած գինը՝ 50 միլիոն դոլար, ոչ ոք պատրաստ չէ վճարել», – նշում է «ՀԺ»-ն:

Թերթն ընդգծում է, որ «Արմավիան» նաև 22 միլիոն դոլարի վարկ ունի ՎՏԲ բանկից, որը վերցրել է ռուսական ինքնաթիռներ գնելու համար, բայց ոչ ինքնաթիռ էր գնել, ոչ էլ վարկն է կարողանում փակել: Բացի դա, թռիչքներն այս պահին իրականացվում են ընդամենը երկու ինքնաթիռով: Մյուս ինքնաթիռները վերանորոգման կարիք ունեն, բայց դա ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր չէ կազմակերպել: Գումարած դրան, ավիաընկերությունն անձնակազմին մի քանի ամսվա պարտք ունի, որը ևս չի կարողանում վճարել:

«Մեր տեղեկություններով, կառավարությունում արդեն 2-3 ամիս է, քննարկվում է ազգային նոր ավիափոխադրող գտնելու հարցը: Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է, որ «Արմավիայի» վաճառքի հետ կապված որևէ կազմակերպությունից հայտ չեն ստացել, ավելին՝ նախկինում ինքն է դիմել մի քանի օտարերկրյա ավիաընկերության, սակայն նրանց կողմից հետաքրքրություն չի եղել: Թե ով կարող է դառնալ մեր ազգային նոր ավիափոխադրողը հայտնի չէ: Այս պահին գործող տեղական ավիաընկերություններից է «Air Armenia»-ն, որը չարթերային թռիչքներ և բեռնափոխադրումներ է իրականացնում: Սույն ընկերության անունը կապվում է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի անվան հետ: ՔԱԳՎ պետը, սակայն, երեկ չի բացառել, որ ստեղծվի պետական ավիաընկերություն»,- գրում է թերթը: