Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ և հրահրել են քաշքշուք: Այս մասին ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հայտարարության մեջ:
Շտաբից հայտնում են, որ, մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների, որոնց թվում նաև ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր և երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են և ձեռք են բարձրացրել նրանց վրա:
Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:
«Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք եւ ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության եւ նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա»,- ասված է հայտարարության մեջ: