Home / Տեսանյութեր / Զինված ոստիկաններ՝ մարդկանց առջև. Հովհաննիսյանին Բաղրամյան չթողեցին

Զինված ոստիկաններ՝ մարդկանց առջև. Հովհաննիսյանին Բաղրամյան չթողեցին

Ժ.15.00-ի սահմաններում Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղով անցնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի երթը, հազարավոր մարդիկ են հավաքված: Հարուրավոր ոստիկաններ փակել են ճանապարհը և թույլ չէն տալիս շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:

Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին հորդորել է հեռանալ՝ բացատրելով, որ պատճառը նախագահական նստավայրը չէ, այլ այնտեղ անցկացվող միջոցառումները: «Կարող եք վաղը երթ անել, ոչ այսօր», – ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձել է, թե իրենց մատնանշած միջոցառումը կեղծ է:

«Թույլ տվեք չհամաձայնել: Դա ձեր անձնական կարծիքն է», – ասել է Օսիպյանը, ինչին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է, թե եթե իր երդումը կեղծ է, ինչու իրեն չեն ձերբակալում:

Հավաքված մարդիկ իրավապահ մարմինների հարյուրավոր ներկայացուցիչներին կոչ էին անում միանալ իրենց: Նրանք նշում էին, որ սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի հավանությանը՝ ոստիկանների պատնեշը հաղթահարելու համար:

Նշենք, որ դեպքի վայրում կայանված են մի քանի ավտոբուսներ, որտեղ գտնվում են վահաններով, մահակներով զինված բազմաթիվ ոստիկաններ, նկատվում են ավտոմատավորներ:

Բանակցություններից հետո ոստիկանները թույլ տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին իր համակիրների հետ մտնել Դեմիրճյան փողոց, բայց չհասնել Բաղրամյան, այլ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի մոտով իջնել դեպի Սարյան փողոց: