Շուկայում հայկական արտադրության պանիրների ծավալների կրճատման մասին լուրերը մեկնաբանելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարությունը հայտնում է, որ դա պայմանավորված է կաթի պաշարների սեզոնային պակասմամբ:
«Եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ և հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաև վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր: Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները («Չանախ» և այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած», – ասված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Գյուղնախարարությունը հերքել է անասնագլխաքանակի նվազման լուրերը: Ըստ աղբյուրի՝ անասնագլխաքանակը ոչ միայն չի պակասել, այլև կտրուկ ավելացել է:
«Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով: Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում` 7-10%-ի սահմաններում»,- ասված է նախարարության հաղորդագրույթյան մեջ:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակմամբ է հանդես եկել, որում պանրի դեֆիցիտը պայմանավորել էր անասնագլխաքանակի նվազմամբ: