Ոստիկանությունը չի տիրապետում «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացված այն տեղեկատվությանը, թե բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգ է բացահայտվել: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
«Տեղեկատվություն ունեցողներին ոստիկանությունն առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները: Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, և հասարակությունը մեկ անգամ ևս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները», – նշում է իրավապահ մարմինը:
Նույն հայտարարության մեջ ոստիկանությունն անդրադարձ է կատարում նաև Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն: Հիշեցնենք, որ «ՀԺ»-ն Երևանի ոստիկանապետի պաշտոնակությունը կապում է վերոնշյալ ֆինանսական բուրգի հետ:
«Ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում:
Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:
Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար», – ասված է պաշտոնական հայտարության մեջ: