Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Մխիթար Հերացու փողոցում գտնվող Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի («անատոմիկ») մոտ հավաքվել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մի քանի ծնողներ: Կենտրոնում այս պահին ընթանում է Լեռնային Ղարաբաղում երեկ զոհված զինծառայող 19-ամյա Րաֆֆի Մարաշլյանի (լուսանկարում՝ աջից) դիազննությունը:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում զոհված զինվորների հարազատները պատմել են, որ եկել են «անատոմիկ», քանի որ մտագոհություն ունեն, որ այս գործն էլ, իրենց որդիների գործերի պես, ինքնասպանություն կորակվի:
Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ում զոհված զինվորի ընտանիքը ներգրավել է դիազննությանը մասնակցելու համար, ասել է, իր տեղեկություններով, դիազննումը պետք է անցկացներ դատաբժիշկ Վիգեն Ադամյանը, ով, Մարտիրոսյանի խոսքով, փորձ ունի սպանություններ կոծկելու: Նա, մասնավորապես, եղել է բանակում զոհված Արտակ Նազարյանի և Տիգրան Օհանջյանյանի դատաբժիշկը: Սակայն այսօր պարզվել է, որ զննությունն անցկացնելու է Շավարշ Գևորգյանը: Հավաքվածները վստահ են, որ բժշկին միտումնավոր են փոխել՝ հասկանալով, որ Վիգեն Ադամյանի մասնակցությունը դիազննությանը դժգոհություն կառաջացնի:
Քննությանը մասնակցում են նաև քննիչ Լևոն Պետրոսյանը, ով, Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով, ևս հանցագործ է, ինչի մասին փորձագետը բազմիցս բարձրաձայնել է Արտակ Նազարյանի դատավարության ժամանակ:
ՀՀ Զինվորական դատախազության հատուկ կարևոր գործերով քննիչ Յուրա Բադալյանը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ հավաքված ծնողներից պահանջել է «մի կողմ քաշվել»:
«Ձե՞զ ով ա կանչել ստեղ, կտամ կքցեմ, ս… եղեք ստեղից», – դիմելով Իրինա Ղազարյանին (բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը – խմբ.)՝ ասել է նա: Ծնողներն ասել են, որ եկել են կանխելու հերթական հանցագործությունը: Նրանց խոսքով՝ եթե իրենց որդիների դիազննման ժամանակ էլ մարդիկ հավաքվեին, գուցե, այդ գործերն էլ բացահայտվեին:
Նշենք, որ Բադալյանը առաջին անգամ չէ որ վիրավորում է զոհված զինծառայողների ծնողներին:
2012թ. նոյեմբերին ՀՀ ՊՆ քննչական վարչության մոտ նա հարձակվել էր մայրերի վրա, քաշքշել նրանց, իսկ Իրինա Ղազարյանին անվանել է «պոռնիկ»:
Դիազննություն ժամանակ զոհված զինծառայողի հոր՝ Լևոն Մարաշլյանի ինքնազգացողությունը վատացել է. նա չի դիմացել և լացելով ու «Ի՞նչ եք արել երեխուս գլխին» խոսքերով դուրս է եկել անատոմիկի շենքից: Հարազատները փորձել են հանգստացնել նրան, այնուհետև նստեցրել մեքենա և հեռացել:
Շենքի մոտ հավաքված ընտանիքի բարեկամներն ու հարևանները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բացառել են ինքնասպանության վարկածը՝ նշելով, որ Րաֆֆին չափից դուրս կենսուրախ տղա էր: Նա սովորում էր ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն որոշել էր ուսումը շարունակել բանակում ծառայելուց հետո: Րաֆֆին ունի մեկ եղբայր, ով նույն ֆակուլտետի ասպիրանտ է:
Ծանոթագրություն. նյութի նախնական տարբերակում նշված է եղել, որ քննիչը վիրավորել է նաև Գոհար Սարգսյանին: Epress.am-ը ճշտել է, որ այդ պահին Գոհար Սարգսյանը միջադեպի վայրում չի եղել: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը թույլ տված սխալի համար: