Այսօր՝ ժամը 14:45-ի սահմաններում, Հատուկ քննչական ծառայությում ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցաքննությունը:
Շուրջ 3 ժամ տևած հարցաքննության ընթացքում Մարտիրոսյանը 6 էջի սահմաններում վկայություն է տվել, այնուհետ դուրս եկել, շփվել լրագրողնմերի ու համակիրների հետ:
«Ես որպես վկա եմ հրավիրված, ինչ եղել էր ապրիլի 9-ին՝ ևս մեկ անգամ ներկայացրեցի: Ցուցմունքներ տվել եմ երկու գործերի հետ կապված՝ առաջինն այն է, երբ Գյումրի-Երևան քայլերթի ժամանակ ինձ հետ երթի դուրս եկած քաղաքացիների ճանապարհը փակեցին ոստիկանները ու խոչընդոտեցին մեր իրավունքները: Թեև ի վերջո երթի մասնակիցների հետ հասանք Ազատության հրապարակ, սակայն ոստիկանների գործողությունները որակում եմ որպես անօրինական: Երկրորդը՝ ապրիլի 9-ի երեկոյան դրվագն էր. վիճաբանության ընթացքում անհամարժեք ու ապօրինի կիրառած ուժն է՝ երթի խաղաղ մասնակիցների ու իմ հարազատների նկատմամբ: Այսօր մենք պետք է ազատվենք բռնության հակումներ ունեցող ոստիկաններից, ինչի արդյունքում այսօր խաղաղ միջոցառումների ժամանակ այդպիսի ոճրագործ պահվածքով ոստիկաններ չենք ունենա», -լրագրողների հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը:
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է բացահայտել իր հետ վիճաբանած ոստիկանների անունները, Մարտիրոսյանը պատասխանել է, որ նրանցից ոմանց արդեն բացահայտել է ֆեյսբուքահայությունը:
«Նրանցից մեկը խոշոր սմբակավորի մականուն ունի (ակտիվիստների տվյալներով՝ Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկաններից մեկի մականունը Բիզոն է – Epress.am), իսկ խոշոր սմբակավորներն ընդհանրապես դաշտերում պետք է լինեն ու ոչ թե ոստիկանությունում: Չգիտես՝ ինչու, ավտոմատով էր ներկա, որի իրավունքը, բնականաբար չուներ: Ի՞նչ էր անում ավտոմատավորը այդ խաղաղ ցուցարարների շրջանում», – ասել է Մարտիրոսյանը:
Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած քննչական գործողության մասնակցել:
«Ես միանշանակ գործել եմ սահմանադրւթյան շրջանակներում և ցավով եմ նշում, որ ոստիկանությունը այս դեպքում ոչ համարժեք գործողությունններ իրականարեց ու չարաշահեց իր լիազորությունները: Ոստկանության խնդիրը պետք է լինի բացառապես խաղաղ միջոցառումների մասնակիցների անվտանգությունը ապահովելը և ոչ թե դրանք խոչընդոտելը», – նշել է Մարտիրոսյանը:
Նա նաև ավելացրել է, որ ոստիկանությունը, չգիտես ինչու, պարտադիր խոչընդոտում է ընդդիմության քարոզարշավը:
«Բայց երբ իշխանության ներկայացուցիչն է քարոզարշավ կամ որևէ միջոցառում անում, ընդ որում՝ ամբողջ փողոցները փակելով, ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի գալիս ու չի խոչընդոտում: Սա բացառապես ընդդիմության քաղաքական գործունեության նկատմամբ արդեն միանշանակ կողմնորոշված գնահատական է ու վերաբերմունք՝ ոստիկանության կողմից, որը, ապաքաղաքական կառույց լինելով, նմանատիպ աշխատաոճ չպետք է դրսևորեն», – եզրափակել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մինչ Արմեն Մարտիրոսյանը հարցաքննվում էր, «Ժառանգություն» կուսակցության անդմաներն ու համակիրները Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում: