Արագածոտնի մարզի Մելիք գյուղում պոչամբարի կառուցման նախագիծը հարկավոր է մերժել այն հիմնավորմամբ, որ նախագծում արտացոլված չեն իրական ռիսկերը և նախագիծը առանձնացված է արդյունահանման, արտադրության և արդյունբերական պոչերի պահման վերաբերյալ մնացած հարցերից: Այս դիմումով ՀՀ Բնապահպանության նախարարությանը դիմել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն: ՀԿ-ի կայքը հայտնում է՝ ինչ պատճառներով պետք է մերժվի ծրագիրը, որը ընդունման դեպքում Մելիքում ևս մեկ՝ թվով 3-րդ պոչամբարը կկառուցվի:
«Նախագծում ներկայացված պոչերի պարունակության մասին տվյալները չեն համապատասխանում հանքաքարի կազմին, տվյալներ չկան ծանր մետաղների և տոքսիկ տարրերի մասին, որոնք մնում են ոսկու կորզումից հետո: Գործող երկու պոչամբարներից առաջացած ջրի և հողի ֆոնային աղտոտման մասին գնահատական չկա: Այս աղտոտվածության մասին անուղղակիորեն կարելի է դատել հանրությանը ներկայացված ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած վերլուծությունների արդյունքներից և Թուխմանուկի հանքավայրի հանքաքարի պարունակության մասին գիտական հոդվածներից: Տվյալներ չկան բնակչության առողջության վրա պոչամբարի հնարավոր ազդեցության մասին: Ինչպես երևում է Առողջապահության նախարարության պատասխանից, նախարարության մասնագետները գյուղում հետազոտություններ չեն կատարել և հիմնվել են բացառապես նախագծային փաստաթղթերի վրա, որոնք իրական իրավիճակը չեն արտացոլում»,- գրում է «Էկոլուր»-ը:
Անրադառնալով «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետների կարծիքին՝ բնապահպանները գրում են, որ ՊՈԱԿ-ի փորձագետները չեն տիրապետել իրավիճակին, քանի որ իրենք իսկ հաստատել են, որ հիմնավում են ոչ թե իրավիճակի ուսումնասիրության վրա, որն արդեն կտրուկ բացասական ֆոն ունի, այլ գրականության տվյալների վրա:
Ըստ «Էկոլուրի»՝ Մելիքում կատարված հասարակական լսումների արձանագրությունը չի համապատասխանում նրան, ինչ ասել են հասարակայնության ներկայացուցիչները և տեղի բնակիչները:
«Առաջարկում ենք Թուխմանուկի հանքավայրի շահագործումից առաջացած արդյունաբերական պոչերի պահման հարցը դիտարկել ամբողջական փաստաթղթային փաթեթում, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն պոչամբարի նախագիծը, այլև հանքավայրի շահագործման և ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծերը», – ասված է Բնապահպանության նախարարին ուղղված նամակում: