Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումից առաջ հարձակման ենթարկված iLur կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հինգ օր առաջ Աշոտ Պապայանը (լուսանկարում) և մի խումբ մարդիկ բազմամարդ վայրում, ՀՀԿ քարոզչական հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ, բռնի կերպով խոչընդոտեցին իմ լրագրողական գործունեությունը, մարմնական վնասվածք հասցրին ինձ, հայհոյեցին, ձեռքիցս խլեցին տեսախցիկս և ջնջեցին բոլոր ֆայլերը: Ոստիկանությունը քրեական գործ դեռ չի հարուցել: Իմ բոլոր պնդումները և աջակցությունը ոստիկանությանը՝ բացահայտելու այս, թվում է, թե բացահայտ հանցագործությունը, ապարդյուն են:
Ոստիկանությունը դեռ չի որոշել՝ քրեական գործ հարուցե՞լ օրը ցերեկով բազմամարդ վայրում կատարված հարձակման փաստով, թե՞ ոչ: Ոստիկանության քննիչներն ակնարկում են, որ այս վիճակը կարող է դեռ շաբաթներ տևել: Ոստիկանության քննիչները, փոխանակ հանցագործներին (գոնե՝ նրանցից մեկին, որի անձը ինձ հաջողվել է պարզել՝ Աշոտ Պապայանին) բերման ենթարկելու, փորձում են հիմքեր փնտրել՝ ապացուցելու, որ ես պատշաճ կերպով չեմ ներկայացել որպես լրագրող: Մինչդեռ ես, թեև «բեյջ» չեմ կրել (պարտավոր էլ չէի, քանի որ հրապարակային միջոցառում էր, բացի դրանից՝ որեւէ մեկը չի էլ պահանջել), բայց հարձակումից առաջ և դրա ընթացքում անընդհատ շեշտել եմ, որ լրագրող եմ, և դա լսելի էր ոչ միայն հանցագործներին, այլև հավաքված մարդկանց: Նույնիսկ հանցագործներին հանգստացնելու համար զգուշացրել եմ մի քանի անգամ, որ նրանց արարքը պատժելի է:
Ուշագրավ է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ կերպով կարգապահական տույժի է ենթարկել «Նոր Նորքում լրագրողի նկատմամբ ավագանու անդամի արածի» (ձևակերպումը Գասպարյանինն է) ժամանակ ոչ պատշաճ ծառայություն իրականացրած ոստիկաններին, բայց քրեական գործ դեռևս չկա: Քննիչն ասում է, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացել: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունը վերաբերում է շրթունքիս վրա հարվածից հետո մնացած վերքին, որը, անզեն աչքով էլ երևում է, որ թեթև մարմնական վնասվածք է:
Երեկ ոստիկանությունը տեղեկացրեց, որ «դեպքի կապակցությամբ բացատրություն են տվել Հակոբ Կ.-ն եւ Աշոտ Պ.-ն»: Այն, որ բացատրություն տալուց հետո դեռ Աշոտ Պ.-ն ազատության մեջ է, հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ նա հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Հուսով եմ՝ սխալվում եմ: Իսկ եթե ոչ՝ առավել ևս համոզված եմ, որ փորձ է արվում լղոզել, կոծկել, քնեցնել գործը:
Խոսուն փաստ. արդեն չորս օր լրատվամիջոցները գրում, հեռարձակում են Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի կատարած հանցանքի մասին: Պապայանը, հանրային անձ լինելով հանդերձ, իր հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ որեւէ հրապարակային մեկնաբանություն, որեւէ հերքող հայտարարություն չի արել:
Այնուամենայնիվ, հատկապես լրագրողական և իրավապաշտպան հանրության գործընկերներիս բուռն արձագանքը և միջադեպը ուշադրության կենտրոնում պահելու հաստատակամությունը ինձ հուսադրում և վճռականություն են հաղորդում՝ պայքարելու մինչև վերջ: Կրկին հայտարարում եմ՝ ես առավել քան փայլուն կերպով հիշում եմ ինձ վրա հարձակվողների դեմքերը, առավել քան վստահ եմ, որ ինձ հարվածել և մարմնական վնասվածք է հասցրել Աշոտ Պապայանը՝ «Տուրբոն»: Ես շատ լավ հիշում եմ, որ գոռում էի, որ լրագրող եմ, և դա լսում էին ոչ միայն հանցագործները, այլև հավաքված մի քանի տասնյակ մարդիկ, այլև շենքի լուսամուտներից նայող բնակիչները: Ուստի պնդում եմ՝ կամ Աշոտ Պապայանը և մյուսները արժանի պատիժ կկրեն, կամ թող ինձ մեղադրեն զրպարտության մեջ:
Հանրությունը գիտի, որ ինձ ծեծել են, հայհոյել են, խոչընդոտել են լրագրողական գործունեությունս: Հանրությունը պետք է իմանա, որ Աշոտ Պապայանը եւ մյուսները զղջում են կատարվածի համար, նա պետք է ներողություն հայցի ինձանից և լրագրողական հանրությունից»: